Ի՞նչ է նշանակում 2022 թ.վականի հունիսի 23-ը Վրաստանի եվրոպական ապագայի համար.
Զուրաբ Խամաշուրիձե
December 1, 2022

2022 թվականի հունիսի 23-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ առանձնահատուկ պատմական նշանակություն ունեցող ամսաթիվ է։ Այս օրը Եվրոպական խորհուրդը (European Council) որոշում կայացրեց ճանաչել Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրոպական հեռանկարը։ Նշված որոշումը պատմական իրադարձություն է՝ պայմանավորված մի շարք գործոններով։ Թեկուզ այն արդյունքների պատճառով, որ նշված որոշումը հետագայում կբերի Վրաստանին պատմական, մշակութային, քաղաքական և տնտեսական զարգացման առումով։ Հունիսի 23-ը պատմական որոշում է նաև նրանով, որ այն Առաջին Դեմոկրատական Հանրապետության արտաքին քաղաքական ժառանգության, մշակութային և պետական ավանդույթի՝ «վրացական պետությունը եվրոպական ընտանիքում հաստատելու և եվրոպական ապագայի հետ նրան կապելու», իրականացման ուղղությամբ արված ամենակարևոր քայլն է։ Սա նաև կոնկրետ քայլ է Վրաստանի բնակչության քաղաքակիրթ ընտրության ապահովման ուղղությամբ, որը վրացական պետության և նրա ժողովրդի մոտ առաջացնում է Եվրամիությանն անդամակցելու իրական, շոշափելի հեռանկար։ Վրաստանի եվրատլանտյան ինտեգրումը, Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելը նաև ժամանակակից Վրաստան պետության սահմանադրական նորմն է, որը հիմնված է դեռ վաղուց նրա բնակիչների ճնշող մեծամասնության կողմից կատարված լավ մտածված ընտրության վրա, և վրաց ժողովուրդը միշտ հավատարիմ էր մնում այս ընտրությանն ու դրանից բխող արժեքներին և այսօր էլ կիսում է դրանք։
2022 թվականի հունիսի 23-ին Եվրամիությունը քաղաքական ամենաբարձր մակարդակով ճանաչեց, որ Վրաստանը եվրոպական պետություն է, այն եվրոպական մշակույթի և քաղաքակրթության կրողն ու նրա անբաժանելի մասն է, հետևաբար, նրա ապագան Եվրոպական Միության մեջ է։ Այս որոշման հստակ ուղերձն այն է, որ Վրաստանն իսկապես կդառնա Եվրամիության անդամ։ Հունիսի 23-ի որոշման պատմական նշանակության մասին խոսեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, երբ նա Եվրախորհրդարանի ամբիոնից Եվրոպայի ապագայի վերաբերյալ իր տարեկան զեկույցում բացատրեց, որ «Դուք [Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Արևմտյան Բալկանների ժողովուրդները] մեր ընտանիքի մի մասն եք, ձեր ապագան Եվրամիությունն է, Եվրամիությունը թերի է առանց ձեզ»: Հունիսի 23-ի որոշման պատմական կարևորության մասին խոսում են նաև Եվրոպական միության բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, և այդ փաստը այսպես է գնահատված Եվրախորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի և եվրոպական տարբեր կառույցների զեկույցներում և բանաձևերում։
Բացի այդ, հարկ է նշել այն համատեքստը, որի շրջանակներում Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել, և ի պատասխան՝ եվրոպական կողմը դրական արձագանք է տվել պատմական այս որոշմանը։ 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմը, որի մասշտաբները, ըստ ռազմական փորձագետների, աննախադեպ է սառը պատերազմից ի վեր, ցնցող անակնկալ էր եվրոպական ժողովրդավարական պետությունների ղեկավարների մեծ մասի համար։ Քաղաքակիրթ աշխարհի առաջնորդներն իրենց ամենասարսափ երազներում չէին կարող պատկերացնել, որ Եվրոպայի կենտրոնում այս մասշտաբի ռազմական առճակատման ականատես կլինեն։ Ճիշտ է, դեռ Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին, ավելի ուշ՝ 90-ականներին, 2008 թվականի օգոստոսին Վրաստանում ռազմական ինտեվենցիայով և Վրաստանի անբաժանելի մասերի՝ Աբխազիայի և Ցխինվալիի մարզի (Սամաչաբլո) օկուպացմամբ, ավելի ուշ՝ 2014 թվականի արդեն Ղրիմի բռնակցմամբ պարզ դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության ռազմատենչ նպատակները նրա անմիջական հարևանությամբ և դրանց իրականացման մեթոդները։ Սակայն, Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններ զարգացնելու ցանկությունը և Ռուսաստանի ժողովրդավարական պետությունների համագործակցությանը ինտեգրելու պատրանքը թույլ չէր տալիս Արևմուտքին աջակցել ռազմական ագրեսիայի զոհ դարձած երկրներին, Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին սկզբունքային քաղաքականություն հակադրել և արագացնել եվրատլանտյան տարածքին ինտեգրվել ցանկացող երկրների ինտեգրումը։
Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքները հստակ ցույց տվեցին Եվրոպայի Արևելյան հարևանության ռազմավարական (տնտեսական) կարևորությունը Եվրոպայի և նրա անվտանգության համար։ Այսօր Եվրոպայի ապագայի, նրա անվտանգության, յուրաքանչյուր եվրոպացու բարեկեցության, առհասարակ, եվրոպական արժեքների ու կանոնների վրա հիմնված աշխարհակարգի պաշտպանությունը հնարավոր կլինի ապահովել հենց Եվրոպայի Արևելյան հարևանությունում՝ Ուկրաինայում, Մոլդովայում և Վրաստանում ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Եվրոպայի ապագայի համար պայքարով։ Հենց դրա ըմբռնումն ու ճանաչումը, թեկուզ մի փոքր ուշացումով, հիմք հանդիսացան եվրոպացի առաջնորդների՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրոպական հեռանկարը ճանաչելու որոշման համար։ Այն, որ Վրաստանը եվրոպական քաղաքակրթության մաս է, եվրոպական մշակութային, արժեքային, քաղաքական ավանդույթները կրող, միշտ էլ պարզ է եղել մեզ՝ Վրաստանում ապրող ժողովուրդներիս, և դա վաղուց մեր բնակչության գիտակցված ընտրությունն է։ Մեր եվրոպական պատկանելությունը երբեք հարցականի տակ չի դրվել բնակչության, քաղաքական վերնախավի կողմից։ Հենց նոր աշխարհաքաղաքական իրականության մեջ եվրոպական կողմի պատրաստակամությունը, ինչպես նաև Վրաստանի և Եվրամիության հարաբերություններում առաջընթացը, մեր միջև ինտեգրման բավականին բարձր մակարդակը հնարավորություն տվեցին, որ Վրաստանն արդեն 2022 թվականին Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացներ (հիշեցնում ենք, որ 2024 թվականին Վրաստանը պատրաստվում էր պաշտոնապես հայտ ներկայացնել Եվրամիությանն անդամակցելու համար, և նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել էին), ինչին դրական արձագանքեց Եվրոպական խորհուրդը և հունիսի 23-ին որոշմամբ ճանաչեց Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Սակայն Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտը միայն քաղաքական կամքի դրսևորման ակտ չէր։ Առկա համատեքստում դա նաև Վրաստանի կողմից համերաշխության, ազատության համար պայքարի, երկրի ժողովրդավարական զարգացման, եվրոպական արժեքներին հավատարմության և պատմության ճիշտ կողմում կանգնած լինելու դրսևորում է։
Ի՞նչ է նշանակում Վրաստանի եվրոպական հեռանկարը։ Ինչպես վերը նշեցի, Եվրամիության անդամ բոլոր երկրների բարձրագույն քաղաքական ղեկավարության կողմից ընդունված քաղաքական որոշումն է, որ Վրաստանը անպայման կդառնա Եվրամիության անդամ, և որ Վրաստանը եվրոպական երկիր է։ Սա նշանակում է, որ Վրաստանի ապագան Եվրամիությունում է, և նրա եվրոպական ընտրությանն այլընտրանք չկա։
Եվրոպական միության բարձրագույն քաղաքական մարմնի (Եվրախորհրդի) ընդունած որոշումը քաղաքականի հետ մեկտեղ ունի կոնկրետ իրավական բովանդակություն, որը բերում է կոնկրետ արդյունքի։ Այս դեպքում էլ է այդպես։ Այն բանից հետո, երբ դիմող երկրին տրվում է եվրոպական հեռանկար, գործող ընթացակարգերի և փորձի համաձայն, սկսվում են բանակցությունները Եվրամիության և դիմող երկրի (թեկնածուի կարգավիճակ ունեցող) կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ: Ինչպես մյուս դիմող երկրների, այնպես էլ Վրաստանի դեպքում Եվրամիությունը սահմանել է առաջնահերթ ուղղություններ (12 հանձնարարական), որոնց իրականացումը անդամակցության բանակցությունների մեկնարկի նախապայմանն է։
Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ դրական որոշումից հետո սկսվում է անդամակցության շուրջ բանակցությունների աստիճանական բացումը՝ Կոպենհագենյան չափանիշների գլուխների համաձայն (ընդհանուր 35 գլուխ): Բանակցությունների ավարտից հետո Եվրահանձնաժողովը ներկայացնում է ևս մեկ կարծիք (opinion) ՝ անդամակցել ցանկացող երկրի կողմից նշված գլուխների տակ սահմանված պայմանների կատարման վերաբերյալ և Խորհրդին (council) ներկայացնում հանձնարարական՝ երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու պատրաստականության վերաբերյալ։ Եվրամիության խորհուրդը միաձայն որոշում է կայացնում բանակցությունների ավարտի մասին (consent procedure), որը վերջնական փուլում պահանջում է Եվրախորհրդարանի աջակցությունը։ Հաջորդ փուլում սկսվում է երկրի անդամակցության պայմանագրի նախապատրաստումը, որի վավերացումը պարտադիր է անդամ բոլոր երկրների և թեկնածու երկրի օրենսդիր մարմինների կողմից։ Զուգահեռաբար, թեկնածու երկիրը պարտավոր է հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ՝ հաստատելու բնակչության աջակցությունը։ Անդամակցության պայմանագրի վավերացման գործընթացի ավարտից և հանրաքվեի դրական պատասխանից հետո որոշվում է կոնկրետ ամսաթիվ, երբ երկիրը պաշտոնապես կդառնա Եվրամիության անդամ։
Վրաստանը Ուկրաինայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների թեկնածու երկրների հետ միասին արդեն ներառվել է այսպես կոչված ընդլայնման փաթեթում (enlargement package)։ Անվանումն ինքնին ցույց է տալիս Եվրամիության հետ հարաբերությունների շրջանակը և, դրանով ինչ գործընթացների սկիզբ է դրվել։ Իհարկե, Եվրամիությանն անդամակցելը համալիր և երկարաժամկետ գործընթաց է (տարբեր երկրներ տարբեր ժամանակներ են պահանջել անդամակցության բանակցություններն ավարտելու և անդամակցության վերջնական ժամկետի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար), որը պահանջում է մի շարք պարտավորությունների կատարում (Կոպենհագենի չափանիշներ) և Եվրամիության օրենսդրության հետ ներդաշնակեցում (acquis): Երկու կողմերն էլ հավասարապես ներգրավված են այս գործընթացում, և երկու կողմերի պարտականությունն է, առաջին հերթին՝ քաղաքական կամքը, որպեսզի անդամակցության գործընթացն ընթանա հնարավորինս հարթ և հաջողությամբ ավարտվի Եվրամիությանն անդամակցությամբ։ Հաջորդ տարվանից անդամակցության ճանապարհին Վրաստանի առաջընթացը կգնահատվի ընդլայնման փաթեթի հիման վրա՝ Արևմտյան Բալկանների երկրների, Ուկրաինայի և Մոլդովայի հետ համատեղ՝ միասնական մոտեցման շրջանակներում։
Վրաստանը շատ բարեկամներ ու դաշնակիցներ ունի Եվրոպայում։ Եվրամիության անդամ բոլոր երկրները հավասարապես աջակցում են Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը և պատրաստ են միասին քայլել այդ ճանապարհով։ Եվրոպական ինտեգրման ճանապարհին երկիրն աստիճանաբար դառնում է բոլոր այն բարիքների մասնակիցը, որոնք կոչվում են եվրոպական արժեքներ, բարեկեցության և զարգացման եվրոպական չափորոշիչ։ Եվրամիության կարգախոսն է՝ «Ուժը բազմազանության մեջ է»։ Եվրամիության անդամ Վրաստանն՝ իր հազարամյա մշակույթով, պատմությամբ, անցյալի փորձով և ներկայով, ինչպես նաև երկրի ռազմավարական դիրքի նախատեսմամբ, ավելի կհզորացնի Եվրամիությունը և, կրկին մեջբերեմ Եվրահանձնաժողովի նախագահի խոսքերը․ «․․․էլ ավելի կատարյալ կդարձնի այն»։
Բլոգի հեղինակ ՝ Զուրաբ Խամաշուրիձե
Հրապարակման բովանդակությունն ամբողջական ծավալով հանդիսանում է հեղինակի անձնական կարծիքը։