Թեկնածուի կարգավիճակը նշանակությունը և նրա գործնական օգուտները
Դավիթ Բուջիաշվիլի
January 22, 2024

Վրաստան – Եվրամիություն 30-ամյա հարաբերությունների պատմության ընթացքում եղել են տարեթվեր, երբ Վրաստանը, հետևողականորեն, մի փուլից տեղափոխվում էր որակապես ավելին բարձր և ավելին կարևոր աստիճանի։ Սակայն 2023 թվականի դեկտեմբերի 14-ն արդեն մտել է պատմության մեջ ինչպես Վրաստան-Եվրամիություն հարաբերություններում նախորդ բոլոր տարեթվերի համեմատ անհամեմատ ավելի բարձր նշանակություն ունեցող օր, երբ Եվրամիության 27 անդամ երկրներ միաձայն ընդունեցին մեր երկրի համար պատմական որոշումը՝ կապված Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հետ։
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշումը կայացրեց օրվա վերջին, և համապատասխանաբար, կար որոշակի սպասում, որ հնարավոր է որոշման ընդունումը հետաձգվեր հաջորդ օրվան, սակայն Վրաստանի ժամանակով ժամը 21:30-ի սահմաններում (Բրյուսելի ժամանակով՝ ժամը 18:30), Եվրոպական խորհուրդի նախագահի հրապարակված «Tweet»-ը առաջին ուրախալի տեղեկատվությունը հայտնեց Վրաստանի քաղաքացիներին։ “#EUCO granted candidate Status to Georgia! ”, իսկ եզրափակիչ մասում գրված էր՝ “A clear hope for their people and for our continent”։ Եվրախորհրդի նախագահի այս գրառումը հայտնում է, որ Եվրամիության անդամ երկրները Վրաստանին տրամադրել են թեկնածուի կարգավիճակ, և սա մեծ հույս է ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ ամբողջ եվրոպական մայրցամաքի համար։ Եվրախորհրդի նախագահի «Թվիթ»-ի հրապարակումից անմիջապես հետո սոցցանցերում հայտնվեցին Վրաստանի քաղաքացիների՝ Եվրամիության խորհրդանիշների ֆոնին տարածած «գրառումները»՝ քաղաքացիները անկեղծորեն շնորհավորում էին միմյանց՝ կարծես բոլորիս մեջ հայտնվեց նոր հույս, և զգացողություն, որ մեր կյանքում նոր փուլ է սկսվել, և Վրաստանը, որպես իսկապես եվրոպական պետություն, հին պատմություն, մշակույթ և քրիստոնեական քաղաքակրթություն կրող երկիր, արժանիորեն զբաղեցնում է այն տեղը, որի մի մասն է եղել դարեր շարունակ, որին նա միշտ ձգտել է: Դեկտեմբերի 15-ին հիշյալ որոշման հանդիսավոր տոնակատարությունը վերածվեց ժողովրդական տոնախմբության, որի դրական լիցքը փաստացիորեն տարածվեց հանրապետության բոլոր մարզերում ու հատկապես մեծ քաղաքներում։
Վրաստան-Եվրամիություն պատմությունը ներառում է մի շարք կարևոր տարեթվեր, օրինակ՝ 1996 թվականին Գործընկերության և համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը Եվրամիության հետ համագործակցության առաջին իրավական հիմքն էր, 1999 թվականին Եվրոպայի խորհրդին անդամակցելը, որը ժողովրդի մեծ մասի մոտ ասոցացվում է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի «Ես վրացի եմ, հետևաբար՝ ես եվրոպացի եմ» հուզական ելույթի հետ, ինչպես նաև 2004 թվականին Եվրոպական հարևանության քաղաքականությանն անդամակցելը, որը նշանակում էր Վրաստանը ճանաչել Եվրամիության հարևան պետություն, իսկ 2009 թվականին Վրաստանի ընդգրկվելը Արևելյան գործընկերության մեջ, ինչը երկրին տվեց հնարավորություն, որ 2014 թվականին ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, բացեր ազատ առևտրի ռեժիմը, իսկ 2017 թվականին ուժի մեջ մտներ առանց վիզայի ռեժիմը Եվրամիության հետ (Շենգենյան տարածքի հետ):
Չնայած Վրաստանի համար վերոնշյալ իրադարձություններից յուրաքանչյուրի կարևորությանը՝ դրանցից ոչ մեկը չէր նշանակում Վրաստանի Եվրամիությանն անդամակցություն։ 2014 թվականին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, անկասկած, Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների կարևորագույն իրադարձություններից մեկն է, սակայն հարկ է նշել, որ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքում վրացական կողմը բացահայտորեն խնդրել է, որ համաձայնագրի տեքստում ներառվի երկրի եվրոպական հեռանկարի հետ կապված այն ձևակերպումը, որ Վրաստանը, որպես եվրոպական երկիր, մի օր կդառնա Եվրամիության անդամ, սակայն 10 տարի առաջ աշխարհաքաղաքական բոլորովին այլ իրավիճակ էր, և այն ժամանակ Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն ամեն կերպ ձեռնպահ էին մնում այնպիսի գրառում անելուց, որը կապված կլիներ մեր երկրի՝ Եվրամիությանն անդամակցության հետ։ Բացի այդ, այն փաստը, որ ասոցացված եռյակի մյուս 2 երկրների (Ուկրաինա, Մոլդովա) համեմատությամբ Վրաստանը չունի ցամաքային սահման Եվրամիության հետ, բազմիցս դարձել է Եվրամիության անդամ երկրների կողմից ոչ ճիշտ մեկնաբանությունների հիմք։
Հաշվի առնելով վերը նշվածը, ընդամենը 2 տարի առաջ շատերի համար դժվար էր պատկերացնել, որ 2023 թվականին Վրաստանին կտրվի Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ, ինչը առաջին հերթին նշանակում է, որ մեր երկրի անդամակցությունը Եվրամիությանն արդեն իսկ անշրջելի գործընթաց է, և Վրաստանը, որպես եվրոպական երկիր, անպայման կդառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Դեկտեմբերի 14-ի որոշման պատմական նշանակությունը կայանում է նրանում, որ այն, ինչ անհնար էր վերջին 30 տարում, այժմ իրականություն է։ Նշված որոշման համաձայն՝ Եվրամիության անդամ երկրների հիմնական ուղերձը Վրաստանի քաղաքացիներին այն է, որ Եվրամիության դուռը բաց է Վրաստանի համար, և մեզնից է կախված, թե որքան արագ կիրականացնենք բարեփոխումներ և կդառնանք եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։
Հատկանշական է նաև, որ Եվրամիության առաջատար անդամ երկրները ակնարկում են Եվրամիության հետագա ընդլայնման ժամկետը։ Ե՛վ Եվրամիության առաջատար անդամ Գերմանիան, և՛ Եվրամիության կառույցները բազմիցս նշել են 2030 թվականը, որպես հաջորդ ընդլայնման հավանական տարեթիվ, ինչը հստակ ուղերձ է Բալկանյան տարածաշրջանի երկրներին, ինչպես նաև Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային, որ հաջորդ հնարավորությունների պատուհանը կբացվի 2030 թվականի համար, և թեկնածու պետությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի պատրաստ լինեն և բաց չթողնեն եվրոպական ընտանիքին միանալու պատմական հնարավորությունը։
Քաղաքական բաղադրիչի հետ միասին այս որոշումն ունի կարևորագույն գործնական օգուտներ, որոնք ներառում են մեր երկրի զարգացումը, քաղաքացիների բարեկեցությունը և ավել կայունությունը։ Թեկնածուի կարգավիճակի շնորհումը մեծացնում է Վրաստանի՝ որպես Եվրամիության ապագա անդամ երկրի իմիջը, ինչը առաջին հերթին դրական ուղերձ է ներդնողների համար՝ սկսելու ներդրումներ կատարել Վրաստանի էկոնոմիկայում, որի համար Վրաստանն ունի տարածաշրջանում ամենագրավիչ ներդրումային միջավայրը, այդ թվում՝ ցածր հարկեր և ճկուն ծառայություններ։ Բացի այդ, երկիրն առաջատար է տարածաշրջանում բիզնես վարելու դյուրինությամբ և տարածաշրջանում կոռուպցիայի ամենացածր ցուցանիշն ունի:
Ինչպես Բալկանյան տարածաշրջանի, այնպես էլ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետությունների օրինակով պարզ է, որ ամենաշատ ներդրումները երկրում կատարվում են, երբ երկրին թեկնածուի կարգավիճակ է տրվում կամ բացվում են բանակցությունները Եվրամիության հետ, քանի որ այս պահին դեռ ավելացած չէ անշարժ գույքի գինը և Եվրամիության համապատասխան կանոնակարգերն ու հրահանգները դեռ ամբողջությամբ ուժի մեջ չեն մտել, ինչի հետևանքով ներդրումներն ավելի դյուրին են։ Ինքնին ներդրումները նշանակում են ազգային ձեռներեցության զարգացում, ավելի շատ վրացիների զբաղվածություն, ավելի շատ եկամուտներ բյուջե և տեղական արտադրության արտադրանքի ցածր գներ բնակչության համար։ Նաև այս գործընթացն անշուշտ կազդի Եվրամիության հետ Վրաստանի առևտրային հարաբերությունների զարգացման և դեպի Եվրամիության միասնական շուկա ազգային արտահանման աճի վրա։
Թեկնածուի կարգավիճակի շոշափելի առավելություններից մեկը Եվրամիության լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների հասանելիությունն է, ինչը նշանակում է, որ Վրաստանի համար աստիճանաբար կբացվի հասանելիություն Եվրամիության աջակցության գործիքներին և ծրագրերին, որոնք հասանելի են անդամակցության գործընթացում գտնվող երկրներին: Այդ գործիքներից մեկը Եվրամիության նախաանդամակցական գործիքն է (IPA III), որի բյուջեն գերազանցում է 14 միլիարդ եվրոն, և որի նպատակն է աջակցել թեկնածու երկրների զարգացմանը և Եվրամիությանն անդամակցելու գործընթացին:
Կարգավիճակը նաև հնարավորություն է տալիս երիտասարդներին՝ ուսանողներին մասնակցել այնպիսի փոխանակման ծրագրերի, որոնք նախատեսված են թեկնածու երկրների քաղաքացիների համար, և որոնք նախկինում փակ էին Վրաստանի համար։
Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանում բանկային հատվածը բավականին զարգացած է՝ Վրաստանի առևտրային բանկերում վարկային ռեսուրսների հասանելիությունը կապված է շատ բարձր տոկոսադրույքի հետ։ Սպառողական վարկերը Վրաստանի քաղաքացիներին հասանելի են առնվազն 15%, իսկ որոշ դեպքերում՝ 17% և 20%-անոց սակագներով, ինչը բավականին բարձր է Եվրամիության անդամ երկրների և ընդհանրապես տարածաշրջանի այլ երկրների համեմատ։ Ինչպես նաև, աննախադեպ բարձր են Վրաստանից Եվրամիության անդամ երկրներ և Եվրամիության անդամ երկրներից Վրաստան փոխանցումների դրույքաչափերը։ Թեկնածուի կարգավիճակը և այն ստանալուց հետո գործընթացը ենթադրում է հասանելիություն ավելի մատչելի ֆինանսական ռեսուրսների և ավելի մեծ մրցակցություն բանկային և ֆինանսական շուկայում, ինչն ինքնին միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի վարկային ռեսուրսների տոկոսադրույքերի նվազման:
Վրաստանն արդեն սկսել է ինտեգրվել Եվրամիության 2 կարևոր նախաձեռնություններին։ Դրանցից մեկը ներառում է ինտեգրումը Եվրոյով վճարումների միասնական տարածքին (SEPA), որը պետք է ավարտվի մինչև 2024 թվականի վերջ, և արդյունքում նպատակ ունի նվազագույնի հասցնել Եվրամիության անդամ երկրներ և այդ երկրներից Վրաստան բանկային փոխանցումների վճարումները: Երկրորդ նախաձեռնությունը վերաբերում է Վրաստանի ինտեգրմանը Եվրամիության ընդհանուր ռոումինգ տարածքին, որի հիման վրա Եվրամիության անդամ պետություններում ճանապարհորդելիս մենք հնարավորություն կունենանք խոսել բջջային հեռախոսով նույն սակագնով, որ գործում է Վրաստանում։
Թեկնածուի կարգավիճակը ներառում է զբոսաշրջության զարգացում և Վրաստանի, որպես Եվրամիության անվտանգ և կայուն ապագա անդամ երկրի, իմիջի բարձրացում ամբողջ աշխարհում։ Վրաստանին հնարավորություն կտրվի հետագայում ցուցադրել իր հարուստ մշակութային ժառանգությունը և ցույց տալ քաղաքակիրթ աշխարհին, թե երկիրը որքան կարող է նպաստել Եվրամիության մշակութային բազմազանությանը:
Զբոսաշրջության զարգացմանը զուգընթաց անխուսափելի է Եվրամիության հետ կապող տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը, այդ թվում՝ ավիացիայի ոլորտում բյուջետային ավիաընկերությունների կողմից Վրաստանի նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն և տնտեսության մեջ ավելի շատ ներդրումներ։ Նաև կավելանան ներդրումները Եվրամիության ֆինանսական կառույցներից, ինչպիսիք են Եվրոպական ներդրումային բանկը (EIB), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և այլ ֆինանսական հաստատություններ, որոնք արդեն ներդրումներ են կատարում Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքի զարգացման մեջ։
Սա միայն այն փոքր ցանկն է այն օգուտի, որը երկիրը կարող է ստանալ՝ Վրաստանին թեկնածուի կարգավիճակի շնորհմամբ։ Դեկտեմբերի 14-ի պատմական նշանակությունը մենք դեռ ամբողջությամբ չենք հասկացել, սակայն այն փաստը, որ Եվրամիությունը 30 տարվա մեջ առաջին անգամ կանաչ լույս վառեց Եվրամիությանը Վրաստանի անդամակցության համար, շատ բանի մասին է խոսում։
Բլոգի հեղինակ՝ Դավիթ Բուջիաշվիլի
Հրապարակման բովանդակությունն ամբողջական ծավալով հանդիսանում է հեղինակի անձնական կարծիքը։