Ասոցացման մասին համաձայնագիրը
«Ասոցացման մասին համաձայնագիրը» կողմերի գործընկերության, նրանց կարիքների և փոխօգնության հնարավորությունների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների փաստաթուղթ է։ Համաձայնագրում մանրամասն ամրագրված է երկրի եվրոպական չափանիշներին համապատասխան զարգացման միասնական պլանը, որի իրականացումից հետո Վրաստանը կդառնա Եվրամիության չափանիշներ ունեցող, նրան համապատասխան երկիր։
Փաստաթղթում խոսվում է երկրին խաղաղություն և կայունություն բերող պարտադիր բարեփոխումների մասին (մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, պայքար կոռուպցիայի և անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ և այլն)։ համաձայնագրի կարևորագույն կետերից մեկը Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին է (DCFTA), որի արդյունքում Եվրամիության շուկան բացվեց Վրաստանում արտադրվող ապրանքների և ծառայությունների հատվածի համար։
Ասոցացման մասին համաձայնագրի նախապատրաստման վրա Վրաստանն ու Եվրամիությունը սկսել են աշխատել 2010 թվականի հուլիսին։ 2011 թվականին բանակցությունների օրակարգին ավելացվել է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (DCFTA) վերաբերյալ բաժինը: Ասոցացման մասին համաձայնագիրը կողմերի գործընկերության, նրանց կարիքների և փոխօգնության հնարավորությունների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների փաստաթուղթ է։ Այս համաձայնագիրը Վրաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն ժողովրդավարության և մրցունակ տնտեսության զարգացման մանրամասն կազմված միասնական ծրագիր է, որի իրականացումից հետո Վրաստանը կդառնա ժողովրդավարությամբ և ազատ շուկայական տնտեսությամբ Եվրամիության անդամ երկրներին նման երկիր։
Ասոցացման մասին համաձայնագիրը Եվրամիության հետ Վրաստանի մերձեցման գործողությունների ծրագիր է, որն ընդգրկում է երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Այն նաև ներառում է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բաղադրիչը (Deep and Comprehensive Free Trade Area – DCFTA) և նախատեսում է Եվրամիության հետ մերձեցման կարևոր կոնկրետ մեխանիզմներ:
«Վրաստան-Եվրամիություն ասոցացման մասին համաձայնագիրը» կփոխարինի 1996 թվականին ստորագրված «Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին» (Partnership and Cooperation Agreement – PCA) և կստեղծի Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցության նոր իրավական դաշտ։ PCA-ի համեմատ, «Ասոցացման մասին համաձայնագիրը» նախատեսում է Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցության ավելի խորացում համագործակցության բոլոր առաջնահերթ ուղղություններով։
Վրաստանի և Եվրամիության միջև «Ասոցացման մասին համաձայնագրի» շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսվել են 2010 թվականի հուլիսին (իսկ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բաղադրիչի շուրջ՝ 2011 թվականի դեկտեմբերին)։ Բանակցությունների ընթացքում տեղի է ունեցել 15 լիագումար նիստ՝ համաձայնագրի քաղաքական մասի, 6 փուլ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին և շուրջ 100 տեսակոնֆերանս՝ ոլորտային համագործակցության հարցերի և DCFTA-ի վերաբերյալ։ Բանակցություններն ավարտվել են 2013 թվականի հուլիսին։ Բանակցությունների գործընթացում ներգրավված են եղել Վրաստանի բոլոր համապատասխան նախարարություններն ու գերատեսչությունները։ Համաձայնագրի նախաստորագրումը (բանակցային տեքստի հաստատում կողմերի պատվիրակությունների ղեկավարների կողմից համաձայնագրի յուրաքանչյուր էջի վրա անուն-ազգանվան սկզբնատառերը գրելով) տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 29-ին «Արևելյան գործընկերության» Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում։ Ինչպես Վրաստանը, Եվրամիության Արևելյան գործընկերության ևս երկու երկրներ՝ Մոլդովան և Ուկրաինան, ստորագրել են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը։ Եվրամիությունը ասոցացման համաձայնագիր ունի այլ երկրների հետ, սակայն Արևելյան գործընկերության երեք երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ ստորագրված համաձայնագիրը առանձնահատուկ է, քանի որ այն քաղաքական և ոլորտային համագործակցության հարցերի հետ ներառում է նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքի բաղադրիչ։
Համաձայնագիրը ներառում է Եվրամիության և նրա օրենսդրության հետ մեձեցման այնպիսի բարձր մակարդակ, որ դրա արդյունավետ իրականացումն իրականում անշրջելի է դարձնում երկրի եվրոպականացման գործընթացը: «Ասոցացման մասին համաձայնագիրը» ուղղված է Եվրամիության հետ քաղաքական ասոցացման և աստիճանական տնտեսական ինտեգրման։ Համաձայնագիրը ճանաչում է Վրաստանի եվրոպական նկրտումները և եվրոպական ընտրությունը, նշված է, որ այն ընդհանուր արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը նաև քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման հիմնաքարերն են։ Ասոցացման մասին համաձայնագիրը ճանաչում է Վրաստանի եվրոպական նկրտումները։
Համաձայնագիրը լիակատար հարգանք է հայտնում Վրաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների նկատմամբ։ Հատուկ ուշադրություն է դարձվում հետկոնֆլիկտային վերականգնմանը և հաշտեցմանը միտված ջանքերի համատեղ խթանմանը: Հակամարտության խաղաղ կարգավորումը կլինի կողմերի, ինչպես նաև այլ համապատասխան միջազգային դերակատարների միջև քաղաքական երկխոսության հիմնական թեմաներից մեկը (Ասոցացման մասին համաձայնագրի նախնական նախագիծը չէր նախատեսում առանձին հոդված հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, և այս հոդվածը հայտնվել է Վրաստանի կողմից բանակցային պատվիրակության ջանքերի արդյունքում):
Ասոցացման մասին համաձայնագիրը հավասարապես պարտադիր է երկու ստորագրողների՝ Վրաստանի և Եվրամիության համար: Սա պայմանավորվածություն է երկու հավասար կողմերի միջև։ Ասոցացման համաձայնագիրը, որպես միջազգային համաձայնագիր, իր կարգավիճակով ավելի բարձր է, քան ազգային օրենսդրությունը, բայց ավելի ցածր է, քան երկրի Սահմանադրությունը: Այսպիսով, Ասոցացման համաձայնագրի և ազգային օրենսդրության միջև իրավական հակասության դեպքում օրենսդրությունը պետք է փոխվի, իսկ Սահմանադրությանը անհամապատասխանության դեպքում՝ համաձայնագիրը։
Համաձայնագրի ընդհանուր մասում կողմերը համաձայնում են մարդու իրավունքների և ազատությունների մասին ընդհանուր ժողովրդավարական սկզբունքների շուրջ, ինչպես դրանք սահմանված են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրով (1948), Եվրոպական կոնվենցիայով (1950), Հելսինկյան եզրափակիչ ակտով (1975 թ.) և Փարիզյան խարտիայով (1990 թ.), առաջնորդվել այս փաստաթղթերով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարաբերություններում, պահպանել զանգվածային ոչնչացման զենքի չտարածման սկզբունքները։ Համաձայնագիրը կողմերին պարտավորեցնում է հավատարիմ լինել ազատ շուկայական տնտեսությանը, կայուն զարգացմանը և արդյունավետ բազմակողմանիությանը: Օրենքի գերակայության, լավ կառավարման, կոռուպցիայի և անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի միջոցով կողմերը հոգ են տանում տարածաշրջանային խաղաղության ու կայունության մասին՝ երկրների տարածքային ամբողջականության ու անկախության ապահովման համար։
Համաձայնագիրը սահմանել է այն կոնկրետ ոլորտները, որտեղ Վրաստանը Եվրամիության աջակցությամբ կոնկրետ բարեփոխումներ է իրականացնում.
- Ընդհանուր եվրոպական արժեքների ամրապնդում և պաշտպանություն՝ ժողովրդավարության և օրենքի գերակայություն, լավ կառավարում, մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին հավատարմություն և տարածում, միջազգային իրավունքի սկզբունքների հարգանք, այդ թվում՝ ինքնիշխանություն և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության հարգանք, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորման խթանում։
- Արտաքին և անվտանգության քաղաքականություն՝ քաղաքական երկխոսություն և համագործակցության խորացում համապատասխան ոլորտներում, ներառյալ ներպետական բարեփոխումները, միջազգային զանգվածային ոչնչացման զենքի չտարածման սկզբունքներ,ը տարածաշրջանային կայունություն, և այլն:
- Արդարադատություն, ազատություն և անվտանգություն՝ դատական իշխանության անկախության բարձրացում, արդարադատության մատչելիություն և արդար դատաքննության իրավունքի ապահովում, միգրացիայի կառավարում, մարդկանց առևտրի (թրաֆիքինգի) դեմ արդյունավետ պայքար, պայքար փողերի լվացման, կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելում և դրա դեմ ակտիվ պայքար, անձնական տվյալների պաշտպանության ապահովում և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելում, սահմանների կառավարման հարցերով համագործակցության խորացում, անձնական տվյալների պաշտպանության և այլն։
- Ոլորտային քաղաքականության բոլոր ոլորտների արդիականացում և եվրոպական չափորոշիչների ներդրում՝ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, շրջակա միջավայրի պաշտպանությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, հետազոտությունները և տեխնոլոգիաները, զբաղվածությունը և սոցիալական քաղաքականությունը, առողջապահությունը, կրթությունը, մշակույթը, քաղաքացիական հասարակությունը, տարածաշրջանային զարգացում և այլն։
- Առևտուր և առևտրի հետ կապված հարցեր՝ նախատեսում է Վրաստանի և Եվրամիության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ((Deep and Comprehensive Free Trade Area – DCFTA) ձևավորում։ Ասոցացման մասին համաձայնագրում առևտրի հետ կապված հարցերի իրականացումը իրական մեխանիզմ է ստեղծում Վրաստանի՝ Եվրամիության ներքին շուկայում աստիճանական տնտեսական ինտեգրման համար։
Համաձայնագրի V բաժինը նախատեսում է ոլորտային համագործակցություն Վրաստանի և Եվրամիության միջև հետևյալ 23 ոլորտներում. 1) տրանսպորտ, 2) էներգետիկա, 3) շրջակա միջավայրի պահպանություն, 4) կլիմայի հետ կապված գործողություններ, 5) արդյունաբերական ձեռնարկությունների և հանքարդյունաբերական գործունեության քաղաքականություն, 6) կորպորատիվ կառավարում, կորպորատիվ իրավունք, հաշվապահական հաշվառում և աուդիտ, 7) ֆինանսական ծառայություններ, 8) տեղեկատվական հասարակություն, 9) զբոսաշրջություն, 10) գյուղատնտեսությունը և դրա զարգացումը, 11) ձկնորսության և ծովային կառավարում, 12) հետազոտության, տեխնոլոգիաների զարգացում և ցուցադրում, 13) սպառողների քաղաքականություն, 14) զբաղվածություն, սոցիալական քաղաքականություն և հավասար հնարավորություններ, 15) հանրային առողջապահություն, 16) կրթություն, թրեյնինգ և երիտասարդություն, 17) համագործակցություն մշակույթի բնագավառում, 18) տեսալսողական և մեդիա համագործակցություն, 19) սպորտի և ֆիզիկական գործունեության բնագավառում համագործակցություն, 20) քաղաքացիական հասարակության ոլորտում համագործակցություն, 21) տարածաշրջանային զարգացում, մերձսահմանային և տարածաշրջանային համագործակցություն, 22) քաղաքացիական պաշտպանություն, 23) մասնակցություն Եվրամիության գործակալություններին և ծրագրերին։
Ասոցացման մասին համաձայնագրի կատարման մոնիթորինգի նպատակով ստեղծվել է Ասոցացման խորհուրդ (նախարարների մակարդակով), Ասոցացման հանձնաժողով (փոխնախարարների մակարդակով), որն օգնում է Ասոցացման խորհրդին իր պարտականությունների և գործառույթների կատարման գործում։ Ասոցացման հանձնաժողովին օգնում են հատուկ ստեղծված թեմատիկ ենթահանձնաժողովները: Ենթահանձնաժողովները հանդիպում են քաղաքացիական ծառայողների մակարդակով և քննարկում կոնկրետ ոլորտին վերաբերող հարցեր: Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ կարծիքներ փոխանակելու նպատակով Եվրախորհրդարանի և Վրաստանի խորհրդարանի անդամները ստեղծել են Խորհրդարանական ասոցացման հանձնաժողով։ Խորհրդարանական ասոցացման հանձնաժողովը հնարավորություն ունի Ասոցացման խորհրդից պահանջել համապատասխան տեղեկատվություն Համաձայնագրի կատարման վերաբերյալ:
Վրաստան-Եվրամիություն ասոցացման օրակարգը (Association Agenda) Ասոցացման մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունների առաջնահերթ հարցերի ծրագիրն է: Այս ծրագիրը նախապատրաստում է Ասոցացման համաձայնագրի իրականացմանը և նպաստում դրա արդյունավետ ներդրմանը։ Ասոցացման օրակարգը Վրաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի իրականացման հիմնական գործիքն է և ներառում է Վրաստանի և Եվրամիության միջև համաձայնեցված հատուկ առաջնահերթությունները Ասոցացման համաձայնագրով նախատեսված համագործակցության բոլոր ոլորտներում:
Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել Ասոցացման օրակարգի 2014-2016 թվականների և 2017-2020 թվականների առաջնահերթությունների իրականացման առումով: Այս ընթացքում երկրի իրականացրած հիմնարար բարեփոխումները, որոնք ապահովել են երկրի առաջընթացը դեպի Եվրամիության հետ խորը քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում ճանաչված է և դրական է գնահատվում նոր օրակարգում (2021-2027թթ.):
Ներկայում Վրաստանը Ասոցացման համաձայնագրի իրագործման ակտիվ փուլում է. ընթացքի մեջ է Եվրամիության հետ օրենսդրական և ինստիտուցիոնալ մերձեցումը, տարբեր ոլորտներում ինտենսիվ ներդրվում են եվրոպական չափորոշիչները, զարգանում և խորանում է ոլորտային համագործակցությունը, ակտիվորեն ընթանում է եվրոպական փորձի ներդրում և հարաբերությունների ինտենսիֆիկացում Եվրամիության մասնագիտացված գործակալություններին և ծրագրերին մասնակցելու միջոցով և այլն։ Հետևաբար, ասոցացման նոր օրակարգն արտացոլում է նաև այս նկրտումը։
Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր (DCFTA)
Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին (Deep and Comprehensive Free Trade Area) Ասոցացման մասին համաձայնագրի կարևորագույն մասն է, որը բացում է Եվրամիության շուկան Վրաստանում արտադրվող ապրանքների և ծառայությունների ոլորտի համար: Ի տարբերություն Ազատ առևտրի համաձայնագրի (Free Trade Agreement), այն ներառում է ինչպես սակագնային, այնպես էլ ոչ սակագնային խոչընդոտների վերացում և կարգավորում է առևտրի հետ կապված հարցերի լայն շրջանակ (օրինակ՝ պարենամթերքի անվտանգություն, արտադրանքի անվտանգություն, մրցակցության քաղաքականություն, մտավոր սեփականության պաշտպանություն, մաքսային հարցեր, պետական գնումներ և այլն )։ DCFTA-ն ենթադրում է առևտրի ոլորտը կանոնակարգող օրենսդրության և հաստատությունների աստիճանական մերձեցում Եվրոպական միության համապատասխան կանոնակարգերին և վարչական մեխանիզմներին։
DCFTA-ի գործարկմամբ Վրաստանում արտադրվող ապրանքների համար բացվեց աշխարհի խոշորագույն շուկան, որն այս փուլում միավորում է 27 երկիր և 446 միլիոն սպառողի։ Եվրամիության շուկան նաև նշանակում է՝ կայուն շուկա, բաց խաղի կանոններ, բաշխման սարքին ցանց, պարենաթերքի աճող գներ, բնական արտադրանքի աճող պահանջարկ։
DCFTA-ն կարգավորում է հետևյալ ոլորտները.
- ապրանքների առևտուր (սակագներ),
- ապրանքների ծագման կանոններ,
- մաքսային հարցեր և առևտրին նպաստում,
- ծառայությունների առևտուր,
- սանիտարական և բուսասանիտարական միջոցներ,
- տեխնիկական խոչընդոտներ առևտրում,
- մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն։
Վրաստան-Եվրամիության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքի ձևավորումը նպաստում է. Եվրամիության շուկայի պահանջներին համատեղելի առևտրային համակարգի ձևավորմանը, թափանցիկ, կայուն բիզնես միջավայրի ստեղծմանը, Վրաստանի ներդրումային գրավչությանը և, համապատասխանաբար, օտարերկրյա ներդրումների աճին, երկրի կայուն զարգացմանը և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, նոր ձեռնարկությունների և արտահանման արտադրանքի ստեղծմանը, տեղական արտադրության աճին հետևելով՝ նոր աշխատատեղերի ստեղծմանը, վրացական արտադրանքի արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և ընդլայնմանը, Վրաստանի արտահանողների համար արտահանման հետ կապված ծախսերի կրճատմանը, Վրաստանի սպառողներին անվտանգ և անվնաս արտադրանքի տրամադրմանը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը, պետական կառավարման մարմինների զարգացմանը՝ եվրոպական լավագույն փորձին համապատասխան։ Ընդհանուր առմամբ՝ տնտեսական աճի խթանմանը և երկրի տնտեսական զարգացմանը։ Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների և առևտրի տեխնիկական խոչընդոտների առումով իրականացված բարեփոխումների արդյունքում վրացական գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի ազատ տեղաբաշխումը Եվրամիության շուկայում և, միևնույն ժամանակ, տեղական շուկային անվնաս և անվտանգ արտադրանքի մատակարարում։ Բանակցությունների ընթացքում վրացական կողմը Եվրամիության հետ աննախադեպ պայմանավորվածություն է ձեռք բերել սակագների ազատականացման առումով։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես վրացական ծագման բոլոր ապրանքները (բացի սխտորից, որի նկատմամբ կգործի քանակական սահմանափակում), Եվրամիության շուկա ներմուծելիս, ազատված են մաքսատուրքերից։
Ապրանքների ազատ (առանց մաքսատուրքերի և տեխնիկական սահմանափակումների) առևտուրը նպաստում է Վրաստանում արտադրվող արտադրանքի արտահանման ներուժի աճին դեպի Եվրամիության երկրներ և, համապատասխանաբար, Վրաստանի տնտեսական աճին։ Ելնելով նշվածից՝ Եվրամիության և Վրաստանի միջև գոյություն ունեցող առևտրային հարաբերությունների դինամիկան դրական է, և տարեցտարի ավելանում են արտահանումները Վրաստանից Եվրամիություն։