Եվրամիությունը և Վրաստանը

Վրաստանն իր արժեքներով միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության, նրա աշխարհագրական, մշակութային ու պատմական տարածքի անբաժանելի մասը։

Անկախություն ձեռք բերելուց հետո Վրաստանը ռազմավարական ընտրություն կատարեց և որպես երկրի զարգացման անվերապահ ուղղություն նախանշեց եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումը։ Եվրամիության և Վրաստանի միջև համագործակցությունը շարունակվում է ավելի քան քառորդ դար, և այսօր մենք ավելի մոտ ենք Եվրամիությանը, քան երբևէ։

Այսօր միասնական եվրոպական տարածքին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության անփոփոխ կողմնորոշիչն է։

Վրաստանն աստիճանաբար և հետևողականորեն մոտենում է Եվրամիությանը՝ հավատարիմ մնալով ընդհանուր եվրոպական արժեքներին և սկզբունքներին, բոլոր ոլորտներում ներդնելով եվրոպական լավագույն չափանիշներն ու նորմերը։ Այսօր Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները բնութագրվում են առանձնահատուկ դինամիզմով, ինչը մեր երկրի համար ունի մեծ քաղաքական և գործնական նշանակություն։ Վերջին տարիներին Վրաստանի կառավարության ջանքերի, իրականացված կայուն բարեփոխումների և Եվրամիության հետ ինտենսիվ ու հաջող համագործակցության արդյունքում ձեռք են բերվել պատմական նշանակության արդյունքներ։

Առաջին հերթին պետք է ընդգծել «Ասոցացման մասին համաձայնագրի» ստորագրումը, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքի բաղադրիչը, որը որակապես նոր փուլ տեղափոխեց մեր հարաբերությունները Եվրամիության հետ և սկիզբ դրեց Եվրամիության հետ մեր քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործընթացին։Վրաստանը միացավ Էներգետիկ միավորմանը, ինչն ավելի կամրապնդի երկրի էներգետիկ անվտանգությունը։ Շենգենյան գոտում Վրաստանի քաղաքացիների համար սահմանվեց առանց վիզայի ռեժիմ, ինչը բնակչության համար ամենաշոշափելի արդյունքն է։ Մենք բարձր մակարդակի ռազմավարական երկխոսություն ունենք Եվրամիության հետ անվտանգության հարցերի շուրջ, որտեղ քննարկում ենք ընդհանուր մարտահրավերները անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Անցյալ տարի մենք գործարկեցինք Եվրահանձնաժողովի հետ համագործակցության նոր բարձր մակարդակի ձևաչափ, որը ղեկավարում են Եվրահանձնաժողովի նախագահը և Վրաստանի վարչապետը, ինչպես նաև մասնակցում են Եվրահանձնաժողովի և Վրաստանի կառավարության անդամներ։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերի 21-ին։ Սա համագործակցության եզակի ձևաչափ է, որը հաստատվել է միայն Վրաստանի հետ, և դա ակնհայտորեն ցույց է տալիս Վրաստանի և Եվրամիության պատրաստակամությունը համագործակցությունը հետագա խորացնելու մի շարք առաջնահերթ ոլորտներում։
Ասոցացման համաձայնագրի հաջող իրականացումը մեծ նշանակություն ունի երկրի եվրոպական պատկանելության ամրապնդման, եվրաինտեգրման գործընթացի անշրջելիության և եվրոպացի գործընկերների կողմից Վրաստանի քաղաքական աջակցության համար, այդ թվում՝ երկրի ինքնիշխանության և տարածքային պաշտպանությանն առնչվող հարցերում: Ասոցացման համաձայնագիրը, գործնականում, Վրաստանի արդիականացման գործողությունների ծրագիր է, որը վերաբերում է երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքի բոլոր ոլորտներին։ Եվրոպական ինտեգրման առաջնահերթությունները լիովին համահունչ են Վրաստանի կառավարության բարեփոխումների ծրագրերին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման տեսլականին:

Հաջողությամբ ընթացող բարեփոխումները ծառայում են մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, ժողովրդավարության խորացմանը, ավելի շատ թափանցիկությանը, արդյունավետ կառավարմանը, անվտանգության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը, սպառողների և սեփականության իրավունքների պաշտպանությանը, ավելի լավ կրթությանը, առողջապահությանը և այլն:

Եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման գործընթացի անշրջելիությունն ամրապնդելու համար Վրաստանի ներկայիս կառավարության ջանքերով երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցառումները Եվրոպական միությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի լիարժեք ինտեգրումն ապահովելու համար։