Համագործակցության պատմություն
Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիր (PARTNERSHIP AND COOPERATION AGREEMENT – PCA)
Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցությունը սկսվել է 1992 թվականին, երբ Եվրամիավորումը ճանաչեց Վրաստանը որպես անկախ պետություն։ Սկզբում գործընկերությունը հիմնականում մարդասիրական և տեխնիկական աջակցության առումով էր, սակայն հետագայում համագործակցությունը խորացավ, և այսօր Վրաստանը Եվրամիության ասոցացված երկիր է, որն ունի անսահմանափակ հասանելիություն Եվրամիության շուկա, և որի քաղաքացիները օգտվում են Եվրամիության/Շենգենյան գոտու երկրներ առանց վիզայի ճանապարհորդությունից։
1992 թվականին Եվրոպական Միավորումը ճանաչեց Վրաստանը որպես անկախ պետություն և սկսեց համագործակցել նրա հետ հիմնականում մարդասիրական և տեխնիկական աջակցության առումով։ 1996 թվականի ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության անդամ պետությունների ներկայացուցիչները՝ Եվրահանձնաժողովի և Վրաստանի նախագահները ստորագրել են Վրաստանի և Եվրամիության միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1999 թվականին։ Համաձայնագիրը կնքվել է 10 տարի ժամկետով, իսկ ժամկետը լրանալուց հետո ամեն տարի ինքնաբերաբար կերկարաձգվեր, եթե կողմերից մեկը հակառակ դիրքորոշում չարձանագրեր։ Համաձայնագիրն ընդգրկում էր բազմաթիվ ոլորտներ, որտեղ կողմերը պարտավորություն էին ստանձնում համատեղ աշխատել որոշակի քաղաքական, տնտեսական և սոցիալական նպատակների հասնելու համար: Ճիշտ է, համաձայնագիրը չէր սահմանում համագործակցության միջանկյալ կամ վերջնական նպատակների չափանիշներ (օրինակ՝ ն անդամակցության համար անհրաժեշտ չափանիշները), բայց այն նախատեսում էր Եվրամիության չափորոշիչների հետ մերձեցման և ներդաշնակեցման շարունակական գործընթաց։
Համաձայնագրի 43-րդ հոդվածի համաձայն՝ Վրաստանը պարտավորություն է ստանձնել, փուլերով մերձեցնել իր օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը։ Նույն հոդվածում թվարկված են այն ոլորտները, որոնք պետք է ընդգրկեն օրենսդրական ներդաշնակեցում, դրանք են․ ներդրումներ, մաքսային իրավունք, ձեռնարկատիրական իրավունք, բանկային իրավունք, ընկերությունների հաշվետվություններ և հարկեր, մտավոր սեփականություն, աշխատավայրում աշխատակիցների պաշտպանություն, ֆինանսական ծառայություններ, մրցակցության կանոններ, պետական գնումներ, շրջակա միջավայրի պահպանություն, սպառողների իրավունքների պաշտպանություն, անուղղակի հարկում, տեխնիկական կանոններ և չափորոշիչներ, միջուկային օրենսդրություն, տրանսպորտ և այլն։ Բացի այդ, պայմանագրի 44-րդ հոդվածը հատուկ խոսում է մրցակցության ոլորտում օրենսդրության մերձեցման մասին։
Նշենք, որ 1997 թվականի սեպտեմբերի 2-ին Վրաստանի խորհրդարանը որոշում է ընդունել, համաձայն որի՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ից Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված բոլոր օրենքներն ու այլ նորմատիվ ակտեր պետք է համապատասխանեն Եվրամիության կողմից սահմանված չափորոշիչներին և նորմերին։
2000 թվականից ստեղծվել է Վրաստանի և Եվրամիության միջև գործընկերությանն ու համագործակցությանը նպաստող կառավարական հանձնաժողով, որն, ի թիվս այլ գործառույթների, պատասխանատու էր Եվրամիության օրենսդրությանը Վրաստանի օրենսդրության մոտարկման համար: Հանձնաժողովի կողմից, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ մշակվել է Վրաստանի օրենսդրությունը Եվրամիավորման օրենսդրությանը ներդաշնակեցնելու ռազմավարություն, որը հաստատվել է Վրաստանի նախագահի 2001 թվականի հունիսի 14-ի # 613 հրամանագրով։
Հաջորդ փուլը Վրաստանի օրենսդրությունը Եվրամիավորման օրենսդրության հետ ներդաշնակեցման ազգային ծրագրի մշակումն էր։ Ծրագրի վրա աշխատանքներն իրականացվել են 2001-2003 թվականներին։ 2004 թվականի մայիսի 8-ի հրամանագրով, Վրաստանի կառավարությունը հավանություն է տվել Վրաստանի օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը ներդաշնակեցնելու ազգային ծրագրին, և Կառավարության անդամներին հանձնարարվել է ազգային ծրագիրը իրականացնելու համար մշակել անհատական (ոլորտային) գործողությունների ծրագրեր:
Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի իրականացման և մոնիթորինգի նպատակով ստեղծվել են հետևյալ համատեղ ինստիտուտները.
- Համագործակցության խորհուրդ – հանդիպում է տարին մեկ անգամ: Նրա գործառույթն էր վերահսկել գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի կատարումը։ Այն բաղկացած է․ մի կողմից՝ Վրաստանի կառավարության ներկայացուցիչներից, իսկ մյուս կողմից՝ Եվրամիության խորհրդի և Եվրահանձնաժողովի անդամներից։ Համագործակցության խորհրդում կողմերը քննարկել են գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում բարձրացված հարցերը։ Ինչպես նաև երկկողմ կամ միջազգային համագործակցության շրջանակներում բարձրացված ցանկացած այլ հարց, որը հանդիսանում էր ընդհանուր հետաքրքրության առարկա և ծառայում էր գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի նպատակներին։
- Համագործակցության հանձնաժողով – հանդիպում էր տարին մեկ անգամ բարձրաստիճան պետական պաշտոնյաների մակարդակով: Այն նախապատրաստում էր Համագործակցության խորհրդի նիստերը և ապահովում, որ հանդիպումների միջև լինի շարունակական գործընթաց։ Համագործակցության կոմիտեն ներառում էր հետևյալ ենթահանձնաժողովները.
– տրանսպորտի, շրջակա միջավայրի պահպանության և էներգետիկայի,
– զբաղվածության և սոցիալական հարցերի, հանրային առողջության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվության, հասարակության և տեսալսողական քաղաքականության և գիտության ու տեխնոլոգիաների,
– առևտրի, տնտեսության և հարակից իրավական հարցերի,
– իրավունքի, ազատության և անվտանգության։ - Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը բաղկացած էր Վրաստանի խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի անդամներից: Այն Եվրամիության և Վրաստանի խորհրդարանականների միջև քաղաքական երկխոսության հարթակ էր։
Եվրամիության տեխնիկական աջակցության ծրագիր – TACIS
1991 թվականին Խորհրդային Միության նախկին անդամ երկրներին օգնելու համար Եվրամիությունը սկսեց Անկախ Պետությունների Համագործակցության տեխնիկական աջակցության ծրագիրը՝ TACIS (Technical Assistance to the Commonwealth of Independent States), որի նպատակը նորանկախ երկրների շուկայական էկոնոմիկայի անցման և ժողովրդավարության ամրապնդման աջակցությունն էր։
Տվյալ ծրագիրն այն հիմնական գործիքն էր, որի միջոցով Եվրամիությունն ապահովում էր Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացումը։ Հետագայում Եվրամիության և գործընկեր երկրների հարաբերություններն ավելի ֆորմալ և քաղաքականապես ակտիվ դարձան։ TACIS-ը սկսելիս տեխնիկական աջակցությունը տրամադրվում էր առանձին, սակայն հետագայում ծրագիրը դարձավ գործընկեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ բարդ և արագ զարգացող հարաբերությունների մաս:
Բազմաթիվ ծրագրերի իրականացման արդյունքում TACIS-ը զգալի ներդրում ունեցավ Վրաստանում քաղաքացիական հասարակության և շուկայական տնտեսության զարգացման գործում։ 1992-2006 թվականներին Եվրահանձնաժողովն ամբողջությամբ հատկացրել է շուրջ 131 միլիոն օգնություն՝ TACIS-ի շրջանակներում Վրաստանում հարյուրավոր նախագծերի իրականացման համար: 2007 թվականին TACIS-ի ծրագիրը փոխարինվեց Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքով (ENPI):
Եվրոպական հարևանության քաղաքականություն (EUROPEAN NEIGHBORHOOD POLICY/ENP
2003 թվականից Եվրամիությունը զարգացրել է Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ENP), որի նպատակն է Եվրամիության արևելյան և հարավային հարևանության մեջ խուսափել նոր բաժանարար գծերից և այնտեղ նպաստել բարգավաճմանը, խաղաղ զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը: ENP-ի շրջանակներում իր հարևանության հետ Եվրամիության հարաբերությունները հիմնված են ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության արժեքների վրա և ուղղված են կողմերի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային մերձեցման գործընթացի խթանմանը։ Հարկ է նշել, որ Եվրոպական հարևանության քաղաքականությունը 2004 թվականի հունիսից տարածվել է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի վրա և նպատակ ունի առաջընթացի հասնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝
- Ստանդարտների և կանոնների ներդաշնակեցում․
- Եվրամիության «Հարևանության քաղաքականությանը» մասնակցող երկրներին առևտրի արտոնյալ ռեժիմների տրամադրում` Եվրամիության շուկա ներթափանցումը հեշտացնելու նպատակով.
- Մարդկային ռեսուրսների ազատ տեղաշարժի և օրինական միգրացիայի հիմքերի ստեղծում.
- Անվտանգության հարցերում համագործակցության ամրապնդում, մասնավորապես, ահաբեկչության, անդրազգային կազմակերպված հանցավորությունների, թմրանյութերի տարանցման, մարդկանց առևտրի (թրաֆիքինգի), փողերի լվացման և կոռուպցիայի դեմ պայքարում.
- Եվրոպական միության ավելի ակտիվ մասնակցություն հակամարտությունների կարգավորման և ճգնաժամային կառավարման հարցերում․
- Ավելի շատ ջանքերի ուղղորդում մարդու իրավունքների պաշտպանության և մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանը.
- Եվրոպական հարևանության քաղաքականությանը մասնակցող երկրների ինտեգրում եվրոպական տրանսպորտային, էներգետիկ և հեռահաղորդակցության ցանցերում, ինչպես նաև եվրոպական հետազոտական տարածքում (European Research Area)․
- Ներդրումների խթանման և դրանց պաշտպանության նոր գործիքների ստեղծում.
- Եվրամիության «Հարևանության քաղաքականությանը» մասնակցող երկրների կարիքներին ավելի լավ կողմնորոշված աջակցության տրամադրում.
- Ֆինանսավորման նոր աղբյուրների որոնում, ներառյալ Եվրոպական ներդրումային բանկից (EIB) վարկերի հասանելիությունը:
2006 թվականի նոյեմբերին Վրաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի միջև ավարտվեց Վրաստան-Եվրամիություն Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի համաձայնեցումը, որը նպաստում էր համագործակցության ռազմավարական նպատակների և համապատասխան քաղաքական և տնտեսական առաջնահերթությունների իրականացմանը: Գործողությունների ծրագիրն ընդունվել է 2006 թվականի նոյեմբերի 14-ին։ Եվրոպական հարևանության քաղաքականությունը նշանակալի ներդրում է ունեցել Վրաստանի և Եվրամիության միջև համագործակցության խորացման գործում և նպաստել երկրում տնտեսական բարեփոխումների իրականացման և պետական ինստիտուտների ստեղծման գործընթացին։
Եվրոպական հարևանության և գործընկերության գործիք (EUROPEAN NEIGHBORHOOD POLICY INSTRUMENT/ENPI)
Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքը (ENPI) այն ֆինանսական գործիքն էր, որը նախատեսված էր Հարևանության քաղաքականությանը հատուկ ֆինանսական գործունեությամբ աջակցելու համար և գործում էր 2007 թվականի հունվարի 1-ից: Եվրոպական հարևանության քաղաքականության գործիքը փոխարինեց համագործակցության այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են TACIS-ը (Արևելյան Եվրոպայի երկրների համար) և MEDA-ն (Միջերկրածովյան երկրների համար): Այս տեսանկյունից Եվրոպական հարևանության քաղաքականության գործիքը ապահովում էր այս ծրագրերում եղած ռազմավարական գծի շարունակականությունը։ Նրա հիմնական նպատակն էր կիսվել ընդհանուր արժեքներով, ստեղծել կայունության և բարգավաճման տարածք, ինտենսիվ համագործակցություն և ավելի խորը տնտեսական և տարածաշրջանային ինտեգրում՝ հաշվի առնելով համագործակցության ողջ շրջանակը։
2007-2013 թվականներին Եվրոպական հարևանության քաղաքականության գործիքի շրջանակներում տրամադրված ֆինանսական օգնությունը կազմել է 11 միլիարդ եվրո, որը զգալիորեն մեծացրեց Եվրամիության աջակցությունն իր հարևանությանը: 2007 թվականին Եվրոպական հարևանության քաղաքականության գործիքի շրջանակներում Վրաստանին հատկացվել է 24 մլն եվրո, որն օգտագործվել է Գործողությունների ծրագրի առաջնահերթ ոլորտների բարեփոխման համար։ Հարևանության քաղաքականության գործիքի շրջանակներում, 2007-2010 թվականների ընդհանուր բյուջեն կազմել է 120 մլն. եվրո։ 2008 թվականի Օգոստոսյան պատերազմից հետո Եվրահանձնաժողովը Վրաստանին լրացուցիչ 500 միլիոն հատկացրեց Եվրոպական հարևանության քաղաքականության գործիքի հակամարտությունների հետ կապված փաթեթից, որի հիմնական մասն օգտագործվել է ներքին տեղահանվածներին աջակցելու համար։
Եվրոպական հարևանության գործիքը 2014-2020 թվականների համար (ENI – EUROPEAN NEIGHBORHOOD INSTRUMENT)
2011 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանին առաջարկություն ներկայացրեց 2014-2020 թվականների համար արտաքին օգնության նոր գործիքների հաստատման համար, ներառյալ Եվրոպական հարևանության գործիքը: 2011 թվականի մայիսի 25-ի համատեղ կոմյունիկեի համաձայն՝ Եվրոպական հարևանության գործիքը (ENI – European Neighborhood Instrument) Եվրամիության սահմաններից արևելք և հարավ գտնվող 16 գործընկեր երկրների օգնություն կցուցաբերեր 2014-ից մինչև 2020 թվականն ընկած ժաանակահատվածում։ Այս գործիքը Վրաստանում գործարկվել է 2015 թվականից։
Նշենք, որ ի տարբերություն ENPI-ի, ENI-ն չի ներառում Ռուսաստանի հետ համագործակցություն։ ENI-ի 2014-2020 թվականների ընդհանուր բյուջեն կազմում է 15 միլիարդ եվրո՝ հարևանության քաղաքականության մեջ աջակցելու 16 երկրներին ՝ հետևյալ ուղղություններով.
1. Երկկողմ ծրագրեր, որոնք աջակցություն են տրամադրում առանձին գործընկեր երկրներին։
2. Բազմակողմ ծրագրեր, որոնք արձագանքում են բոլոր կամ մի քանի գործընկեր երկրների ընդհանուր մարտահրավերներին, ինչպես նաև ներառում են տարածաշրջանային և ենթատարածաշրջանային համագործակցություն երկու կամ ավելի գործընկեր երկրների միջև։
3. Սահմանամերձ համագործակցություն (CBC)։
Գործընկեր երկրներին խրախուսելու նպատակով Եվրոպական հարևանության գործիքը օգտագործում է տարբերակման մեթոդը և «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը. համաձայն կանոնակարգի, հատուկ ուշադրություն է դարձվում այն երկրներին, որոնք իրականում մասնակցում են օրենքի գերակայության վրա հիմնվելով ամուր և կայուն ժողովրդավարության կառուցմանը և ֆինանսական օգնության հատկացման չափանիշները հիմնվում են տարբերակման սկզբունքի վրա։ Եվրոպական հարևանության գործիքը պետք է արտացոլի երկրի հավակնությունների մակարդակը՝ Եվրամիության հետ գործընկերության, խորը և կայուն ժողովրդավարություն կառուցելու և բարեփոխումներ իրականացնելու առումով համաձայնեցված նպատակներին հասնելու գործում:
ENI-ի հիմնական նպատակներն են. մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանում, Եվրամիության ներքին շուկայում աջակցություն առաջադեմ տնտեսական ինտեգրմանը, անվտանգությանը նպաստելու նպատակով վստահության վերականգնում և հակամարտությունների կանխարգելում և կարգավորում, ժողովուրդների միջև շփումների ավելացում, ոլորտային համագործակցություն (օրինակ՝ էներգետիկայի և կլիմայի փոփոխությունների ոլորտներում) և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների զարգացում։
ENI կանոնակարգը նախատեսում է ավելի մեծ կապեր Եվրամիության ներքին գործիքների և քաղաքականության հետ՝ ուժեղացնելու Եվրամիության քաղաքականությամբ սահմանված օգնությունը, ինչն ապահովում է Եվրամիության բյուջեի ներքին և արտաքին գործիքների փոխկապակցվածություն: Արդյունքում, գործընկեր երկրներին և նրանց քաղաքացիներին հնարավորություն կտրվի մասնակցել Եվրամիության հաջող ներքին ծրագրերին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ուսանողների շարժունակությունը, երիտասարդական ծրագրերը կամ քաղաքացիական հասարակության աջակցությունը:
Արևելյան գործընկերություն (EASTERN PARTNERSHIP – EAP)
Արևելյան գործընկերություն (Eastern Partnership – EaP) նախաձեռնությունը, որպես Եվրամիության արևելյան հարևան երկրների (Ադրբեջանի, Բելոռուսի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի, Ուկրաինայի) հետ համագործակցության նոր ձևաչափ, Շվեդիայի և Լեհաստանի կողմից մշակված նախաձեռնություն էր։ 2008 թվականի օգոստոսին Վրաստանում Ռուսաստանի ռազմական նախաձեռնությունը հանգեցրեց նշված նախաձեռնության իրականացման գործընթացի արագացմանը։ Հետևաբար, 2008 թվականի դեկտեմբերին Եվրահանձնաժողովին հանձնարարվել է առաջարկություններ ներկայացնել՝ կապված այս նախաձեռնության հետ։
2008 թվականին, ռուս-վրացական պատերազմի ժամանակ, նախագահ Սարկոզին, որպես Եվրամիության այն ժամանակվա նախագահ երկրի՝ Ֆրանսիայի նախագահ, կարևոր դեր խաղաց ռուս-վրացական պատերազմի դադարեցման և հրադադարի շուրջ համաձայնության հասնելու գործում։ Արդեն պատերազմից հետո Եվրամիությունը ակտիվ ֆինանսական օգնություն է ցուցաբերել Վրաստանին և, հակամարտությունների վերսկսումը կանխելու նպատակով, Վրաստանում տեղակայել է Եվրամիության դիտորդական առաքելություն, որը մինչ օրս Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքից մշտադիտարկում է հակամարտության գոտու հարակից տարածքում առկա իրավիճակը և նպաստում է հակամարտությունից տուժած բնակչության կենսապայմանների և անվտանգության բարելավմանը: Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնությունն ամբողջությամբ չի կատարում 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի համաձայնագիրը, և առաքելությունը մուտք չունի Ցխինվալիի տարածաշրջան և Աբխազիայի տարածք, առաքելության գործողությունը չի կորցնում իր կարևորությունը, քանի որ մինչ այժմ Եվրամիության դիտորդական առաքելությունը միակ միջազգային մեխանիզմն է, որը գործում է հակամարտության գոտում։ Եվրամիությունը ակտիվորեն ներգրավված է հակամարտության կարգավորման գործընթացում, որը հայտնի է որպես Ժնևյան երկխոսություն, որը նույնպես 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրի մաս է կազմում: Այստեղ՝ ժնևյան երկխոսության ժամանակ, Եվրամիության ներկայացուցիչը ԵԱՀԿ և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ միասին կատարում է համանախագահի գործառույթ։ Հատկանշական է նաև այն, որ 2008 թվականի հոկտեմբերին Բրյուսելում Եվրամիության և Համաշխարհային բանկի կազմակերպած դոնորների համաժողովում 2008-2010 թվականներին Վրաստանին հատկացվող օգնությունը կազմել է 4․5 միլիարդ դոլար։
2008 թվականի դեկտեմբերի 3-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց Արևելյան գործընկերության վերաբերյալ Կոմյունիկե, որը 2009 թվականի մարտի 19-ին հաստատվեց Եվրոպական խորհրդի կողմից։
Արևելյան գործընկերությունը այլընտրանք չէ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարին, այլ այն երկկողմ և բազմակողմ համագործակցության միջոցով նպաստում է գործընկեր երկրների ինտեգրման գործընթացի խորացմանը, ընդհանուր արժեքների տարածմանը, տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը և տնտեսության զարգացմանը։
Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը զարգանում է երկու ուղղությամբ՝ երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերով։ Երկկողմ համագործակցությունը նախատեսում է Եվրամիության և յուրաքանչյուր գործընկեր երկրի միջև համագործակցության հետագա խորացում, որը ներառում է՝ Ասոցացման մասին (Association Agreements) համաձայնագրերի ստորագրման միջոցով նոր, ավելի լայն պայմանագրային հարաբերությունների ձևավորում։ Բազմակողմ համագործակցության նպատակը նոր ձևաչափի ապահովումն է, որը տալիս է ընդհանուր շահերի ոլորտում համագործակցելու և մարտահրավերներին դիմակայելու հնարավորություն։ Նման ձևաչափը նպատակ ունի զարգացնել համագործակցության գործընթացները տարածաշրջանում՝ անվտանգության, միգրացիայի, առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման միջոցով։
Արևելյան գործընկերության շրջանակներում ստեղծված համագործակցության հաստատություններ
Քաղաքացիական հասարակության ֆորում
Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալացում՝ գործընկեր երկրների հասարակական կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցությանը նպաստելու համար։ 2009 թվականի նոյեմբերի 17-ին այդ նպատակով Բրյուսելում հիմնադրվել է Քաղաքացիական հասարակության ֆորումը (EaP Civil Society Forum – CSF)։
Քաղաքացիական հասարակության ֆորումի նիստերն անցկացվում են ամեն տարի: Ֆորումի նիստերում մշակվում են հանձնարարականներ Եվրամիության և գործընկեր երկրների համար: CSF-ի աշխատանքը ուղղորդելու նպատակով յուրաքանչյուր գործընկեր երկրում ստեղծվել են ազգային հարթակներ: Ներկայում Վրաստանի ազգային հարթակում միավորված են տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների 180 անդամներ և 5 ասոցացված անդամներ։
Հարկ է նշել, որ հարթակը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումից վերածվել է ինստիտուցիոնալացված քաղաքականության ֆորումի, որը միավորում է Եվրամիությունը և Արևելյան գործընկերության երկրները (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)՝ իրենց գաղափարների ու լավագույն փորձի փոխանակման միջոցով, և նպատակ ունի Եվրամիության արևելյան հարևանության մեջ տարածել եվրաինտեգրման գործընթացը։
«Եվրանեսթ»
«Արևելյան գործընկերության» շրջանակներում գործում է «Եվրանեսթը» (Euronest) ՝ Համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, որը ստեղծվել է 2011 թվականի մայիսի 2-3-ին Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի անդամների և գործընկեր երկրների խորհրդարանների միջև համագործակցությունն ամրապնդելու նպատակով։
Վեհաժողովը միավորում է Արևելյան գործընկերության ծրագրի 5 երկրների (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Ուկրաինա և Մոլդովա) 10-10 խորհրդարանականների և Եվրախորհրդարանի 60 պատգամավորների։
Արևելյան գործընկերությունը 2020 թվականից հետո. կենսունակության ամրապնդում – Արևելյան գործընկերություն բոլորի համար: