Աուդիտորների Եվրոպական դատարան

Աուդիտորների Եվրոպական դատարանն ստուգում է Եվրամիության ֆինանսները: Նրա գլխավոր նպատակն է կատարելագործել ֆինանսական կառավարումը և պատրաստել զեկույց  պետական հիմնադրամներից գումարների ծախսման գործընթացի վերաբերյալ: Դատարանն ստեղծվել է 1975 թվականին և գտնվում է Լյուքսեմբուրգում: Աուդիտորների դատարանն ունի գրեթե 800 աշխատող, ներառյալ աուդիտորները, թարգմանիչները և վարչարարները: Աուդիտորները բաժանված են աուդիտորական խմբերի: Նրանք պատրաստում են զեկույցներ Դատարանի կողմից կայացված որոշումների վերաբերյալ:

Դատարանն ունի մեկական անդամ Եվրամիության բոլոր երկրներից: Նրանց նշանակումը կատարվում է Խորհրդի կողմից վեց տարի ժամկետով: Դատարանի անդամներն իրենց կազմից նախագահ են ընտրում եռամյա ժամկետով: Աուդիտորների դատարանն իրավունք ունի ստուգել ցանկացած անձի կամ կազմակերպության, որը ֆինանսավորում է ստանում Եվրամիությունից: Դատարանը հաճախ ստուգումներ է իրականացնում տեղերում: Ստուգման հետևանքով պատրաստած եզրակացությունները աուդիտորները ներկայացնում են Հանձնաժողովին և Եվրամիության ազգային կառավարություններին: Հատկանշական է, որ Աուդիտորների դատարանը չունի իրավաբանական իրավասություն և որևէ տիպի խախտում հայտնաբերելու դեպքում, պետք է տեղեկացնի Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակին (The European Anti-Fraud Office – OLAF):

Դատարանի կարևորագույն գործառույթներից մեկը Եվրախորհրդարանին և Խորհրդին անցյալ  ֆինանսական տարվա մասին («Տարեկան ծախս») հաշվետվության ներկայացումն է: Աուդիտորների դատարանը պարտավոր է նաև իր կարծիքը հայտնել Եվրամիության  ֆինանսական օրենսդրության և խարդախության դեմ պայքարի ուղղությամբ: Որպեսզի դատարանը պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները, անհրաժեշտ է պահպանել լիարժեք անկախություն Եվրամիության այլ ինստիտուտներից` միևնույն ժամանակ ունենալով նրանց հետ մշտական կապ: