Եվրահանձնաժողով

Եվրահանձնաժողովը Եվրամիության գործադիր մարմինն է և ներկայացնում է Եվրամիության ընդհանուր շահը: Այն մշակում է եվրոպական նոր օրենքների նախագծեր, որոնք ներկայացնում է  Եվրախորհրդարանին և Խորհրդին (բացի միացյալ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերից): Այն պրատիկայում իրականացնում է Եվրամիության ընդհանուր քաղաքականությունը և տնօրինում է Եվրամիության հիմնադրամներն ու ծրագրերը`  Հանձնաժողովը նախապատրաստում է Եվրամիության օրինագծերը և իրականացնում է Եվրամիության քաղաքականության ամենօրյա համակարգումն ու ֆինանսական ռեսուրսների վերաբաշխման գործընթացը: Հանձնաժողովը վերահսկում է Եվրամիության պայմանագրերի և օրենքների իրականացման գործընթացը: Այն կարող է միջոցներ ձեռնարկել խախտողների նկատմամբ և, անհրաժեշտության դեպքում, նաև դիմել Եվրադատարան:

Եվրահանձնաժողովը հանդիսանում է 27 անդամանոց Հանձնակատարների կոլեգիա, որոնց թվում 1 նախագահ, 8 փոխնախագահ և 18 հանձնակատար կա: Եվրահանձնաժողովի անդամներին` այսպես կոչված հանձնակատարներին, ընտրում են հնգամյա ժամկետով: Հանձնաժողովի նախագահի որոշմամբ յուրաքանչյուր հանձնակատար պատասխանատվություն է կրում որոշակի քաղաքական ոլորտի համար: Եվրահանձնաժողովի անդամները, այնպես,  ինչպես Նախագահը, ներկայացնում են Եվրամիության շահերը և, համապատասխանաբար, անդամ երկրները չպետք է ազդեն հանձնակատարների վրա: Եվրահանձնաժողովը գործում է կոլեգիալության սկզբունքով. կայացված որոշումների համար պատասխանատու է ոչ թե անհատ հանձնակատարը, այլ հանձնաժողովն ամբողջ կազմով։ Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածությունն առաջադրում է Եվրոպական խորհուրդը: Եվրամիության գոյության ընթացքում աստիճանաբար մեծացավ Եվրախորհրդարանի դերը` կապված Հանձնաժողովի հետ: Լիսաբոնի պայմանագրով ՝ Եվրախորհրդարան ընտրելուց հետո, Եվրոպական խորհրդի կողմից առաջադրված թեկնածուին հինգ տարի ժամկետով ընտրում է Եվրախորհրդարանը: Եթե վերջինս մերժում է թեկնածությունը, Եվրոպական խորհուրդը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում առաջադրել մեկ այլ անձի: Այնուհետև ընտրված նախագահի հետ միասին (Նախարարների) Խորհուրդը  առաջադրում է նաև Հանձնաժողովի մնացած անդամներին: Եվրախորհրդարանի համաձայնությունն է պահանջվում` կապված ինչպես Հանձնաժողովի նախագահի, այնպես էլ հանձնակատարների և բարձրագույն ներկայացուցչի հետ: Միայն Եվրախորհրդարանի համաձայնությունից հետո կարող է Եվրոպական խորհուրդն ընտրել Հանձնաժողով, որպես մեկ ամբողջական մարմին (որակյալ մեծամասնությամբ): Բացի այդ, հանձնակատարներն իրենց պաշտոնավարման ընթացքում հաշվետու են Խորհրդարանին, որն ունի բացառիկ իրավունք ամբողջ կազմով լուծարելու հանձնաժողովը: Լիսաբոնի պայմանագրի հիման վրա, առանձին անդամների կարող է ազատել Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Հանձնաժողովի կենտրոնակայանը գտնվում է Բրյուսելում և Լյուքսեմբուրգում, բացի այդ, այն ներկայացուցչություններ ունի Եվրամիության բոլոր անդամ երկրներում և ունի պատվիրակություններ մայրաքաղաքներում ամբողջ աշխարհի մասշտաբով: