Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանը օրենսդրական կարևորագույն մարմիններից մեկն է, որն ընտրվում է ուղղակի ընտրական կարգով (1979 թվականից ի վեր) յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ: Խորհրդարանի անդամները ներկայացնում են Եվրամիության քաղաքացիների շահերը: Ժողովրդավարության երկու ձևերից`մասնակցային և ներկայացուցչական, Խորհրդարանը պատկանում է ներկայացուցչականին: Լիսաբոնի պայմանագրով հնարավոր դարձավ իր գոյության ընթացքում Եվրամիության և նրա քաղաքացիների աննախադեպ մերձեցումը, ինչը ձեռք է բերվել ներկայացուցչական և մասնակցային ժողովրդավարության ամրապնդմամբ:  Մասնակցային ժողովրդավարության աճի հստակ օրինակ է Եվրամիության  քաղաքացիների նախաձեռնության հնարավորությունը, որը ենթադրում է, մեկ միլիոն քաղաքացիների դիմումի հիման վրա Եվրահանձնաժողովի կողմից համապատասխան օրինագիծ ներկայացնելու հնարավորություն:  Ներկայացուցչական ժողովրդավարության ամրապնդման առումով Եվրախորհրդարանի ինստիտուցիոնալ եռանկյունու մեջ առավելագույնս աճել են Եվրախորհրդարանի լիազորությունները և  խորհրդատվական բնույթ ունեցող մարմնից  վերածվել է կարևորագույն օրենսդրական մարմնի:

Եվրախորհրդարանի հիմնական գործառույթներն են.

  1. Եվրամիության խորհրդի հետ քննարկել և հաստատել օրենքները:
  2. Եվրամիության խորհրդի հետ միասին քննարկել բյուջեն և ընդունել այն:
  3. Եվրամիության ինստիտուտների (հատկապես Հանձնաժողովի) աշխատանքները ստուգել, այս գործընթացում ժողովրդավարության որակը չափել։
  4. Եվրոպայի խորհրդի հետ միասին հաստատել Եվրահանձնաժողովի կազմը:

Վերը նշված գործառույթներից բացի, զգալիորեն աճել է Խորհրդարանի իրավասությունը` կապված Եվրահանձնաժողովի հետ. Հանձնաժողովի նոր կազմը հաստատելու համար պահանջվում է Խորհրդարանի համաձայնությունը: Եթե Հանձնաժողովի համար ընդունելի չէ Հանձնաժողովի որևէ անդամ,  նրանք կարող են հրաժարվել նաև այլ անդամների նշանակումից: Բացի այդ, Խորհրդարանն իրավունք ունի արձակել Եվրահանձնաժողովի ամբողջական կազմը, ներառյալ Նախագահին: Խորհրդարանական հանձնաժողովները պարբերաբար ուսումնասիրում են նաև Հանձնաժողովի հաշվետվությունները և անցկացնում  հանձնակատարների հարցում: Բացի այդ, Եվրախորհրդարանի պարտավորությունն է   կարծիքներն արտահայտել Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովների օրակարգի թեմաների վերաբերյալ, սակայն այս դեպքում դրանց նախատեսումը պարտադիր չէ:

Խորհրդարանը  հաստատում է Եվրահանձնաժողովի անդամներին և կարող է անվստահություն հայտնել նրան: Կարող է ստեղծել հետաքննող հանձնաժողովներ՝ Եվրամիության իրավունքի խախտման փաստերը  հետազոտելու նպատակով, Արդարադատության դատարանում հայց հարուցել Եվրամիության  այլ մարմինների դեմ և այլն։ Բացի այդ, Եվրամիության հիմնական ինստիտուտները հաշվետու են Եվրախորհրդարանին: Խորհրդարանը և Խորհուրդը  ընդհանուր լիազորություն ունեն Եվրամիության տարեկան բյուջեն հաստատելու համար։

Արտաքին քաղաքականության ոլորտում Եվրախորհրդարանի իրավասության մեջ է  որոշակի միջազգային համաձայնագիր կնքելիս, ինչպես նաև նոր անդամ երկիր ընդունելիս`համաձայնություն տալը:  Որոշումները, որպես կանոն,  ընդունվում են քվեարկությանը մասնակից անդամների ձայների մեծամասնությամբ, սակայն,  իրավասության որոշակի նորմերում տարբեր ռեժիմ է գործում:  Օրինակ ՝ համատեղ որոշման ընթացակարգի շրջանակներում,  որոշակի փուլում որոշում կայացնելու համար պահանջվում է Խորհրդարանի անդամների լրիվ կազմի մեծամասնության համաձայնությունը:

Եվրախորհրդարանը չունի օրենսդրական նախաձեռնության իրավունք, սակայն կարող է Եվրահանձնաժողովին կոնկրետ հարցի շուրջ օրենսդրական նախաձեռնության կոչ անել:

Ըստ Լիսաբոնի պայմանագրի, 2014 թվականից սկսած Եվրախորհրդարանի կազմի մեջ ընդգրկված են 750 պատգամավորներ և նրա նախագահը՝ ընդամենը 751 անդամ,  սակայն, 2020 թվականի հունվարի 31-ին, Մեծ Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալուն պես, 2020 թվականի փետրվարի 1-ին Եվրախորհրդարանի 751 անդամից ,  եվրախորհրդարանականների թիվը նվազեց մինչև 705: Մեծ Բրիտանիայի 73 մանդատներից 27-ը վերաբաշխվել են տարբեր երկրների վրա (Ֆրանսիա +5, Իսպանիա +5, Իտալիա +3; Նիդերլանդներ +3;, Իռլանդիա +2, Շվեդիա +1, Ավստրիա +1, Դանիա +1, Ֆինլանդիա +1, Սլովակիա +1, Խորվաթիա +1, Էստոնիա +1, Լեհաստան +1 և Ռումինիա +1), իսկ մնացած 46 մանդատը, Եվրամիության որոշումով, նախատեսված կլինի պահուստում հետագայի համար, նոր անդամ երկրների համար։

Եվրախորհրդարանում կա նախագահի պաշտոն, որը ներկայացնում է Եվրախորհրդարանը Եվրամիության ներսում, ինպես նաև` միջազգային մակարդակում: Եվրախորհրդարանի անդամները միավորված են ոչ թե ազգությամբ, այլ քաղաքական հայացքներով: 2019 թվականի ընտրությունների արդյունքում Եվրախորհրդարանի կազմն ըստ քաղաքական խմբերի բաշխվել է հետևյալ կերպ (Եվրախորհրդարանի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին).

  1. Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP),
  2. Սոցիալիստների և ժողովրդավարների առաջադիմական դաշինք (S&D),
  3. Նորացրու Եվրոպան (RE),
  4. Կանաչների եվրոպական ազատ դաշինք (Greens-EFA),
  5. Ինքնությունը և Եվրոպան (ID),
  6. Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ (ECR),

7․Եվրոպական ձախերի և սկանդինավյան կանաչների միավորում (GUE-NGL),

  1. Անկախ թեկնածուներ, որոնք միավորված չեն խորհրդարանական որևէ խմբակցությունում:

Եվրախորհրդարանում ներկայացուցչության սահմանումը տեղի է ունենում դեգրեսիվ սկզբունքով` երկրների հավասարության և բնակչության քանակի նախատեսմամբ:  Հարկ է նշել, որ գոյություն չունի ըստ երկրների քվեների բաշխման հատուկ բանաձև: Համաձայն դեգրեսիվ սկզբունքի ՝ ըստ բնակչության թվաքանակի մեծ  պետություններն անհամաչափ են ներկայացված Խորհրդարանում ՝ փոքր պետությունների համեմատ: Օրինակ ՝ ամենափոքրաքանակ Մալթայի բնակչության թիվը կազմում է 0.4 միլիոն մարդ, Եվրախորհրդարանում այն ներկայացված է 6 եվրախորհրդարանականով, ինչը համամասնորեն նշանակում է 66 հազար մարդուն 1 տեղ Խորհրդարանում, մինչդեռ Գերմանիան, որի բնակչությունը կազմում է  82,5 միլիոն, Եվրախորհրդարանում ներկայացված է 96 պատգամավորով,  ինչը համամասնորեն հավասար է 1 տեղ 859 հազար մարդու հաշվով: Հիշյալ քվոտաները որոշվել են բանակցությունների հիման վրա:

Եվրախորհրդարանի անդամները որոշումներ կայացնելու ժամանակ անկախ են, և ենթակա չեն անդամ պետությունների ցուցումներին: Նրանք ստեղծում են խմբակցություններ` ըստ քաղաքական հայացքների: Խմբակցություն ստեղծելու համար պահանջվում է 25 խորհրդարանականի համաձայնություն, որոնք Եվրամիության անդամ պետությունների առնվազն մեկ հինգերորդը պետք է ներկայացնեն: Քվորում լինում է այն դեպքում, եթե նիստին մասնակցում է լրիվ կազմի առնվազն մեկ երրորդը: Խորհրդարանի գխավոր նիստերն անցկացվում են Ստրասբուրգում  (Ֆրանսիա), իսկ մնացածները` Բրյուսելում (Բելգիա): Խորհրդարանն աշխատում է հանձնաժողովների և լիագումար նիստերի միջոցով: Յուրաքանչյուր անդամ պետություն իր տարածքում ազգային օրենսդրությամբ է կարգավորում  եվրոպական ընտրությունների անցկացման հարցը: