Եվրամիության խորհուրդ

Եվրամիության խորհուրդը («Եվրոպական միության խորհուրդ», համառոտ` Խորհուրդ), կազմված է Եվրամիության բոլոր երկրների ազգային կառավարությունների նախարարներից, և այն որոշումներ կայացնող հիմնական ինստիտուտն է: Խորհրդի յուրաքանչյուր հանդիպմանը մասնակցում է Եվրամիության անդամ յուրաքանչյուր պետության կողմից քննարկվելիք հարցի համար պատասխանատու նախարարը, հանդիպումը կայանում է օրենքներ ընդունելու և քաղաքականությունը համակարգելու նպատակով: Եվրամիության խորհուրդն ունի ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր լիազորություններ: Եվրամիության խորհուրդը Եվրամիության որոշումների կայացման հիմնական մարմինն է: Եվրամիության օրենքներ ընդունելու համար այն կիսում է պատասխանատվությունը Եվրախորհրդարանի հետ:

Բացի այն, որ Խորհուրդը հիմնական օրենսդիր մարմինն է, նրա գործառույթների մեջ է մտնում նաև քաղաքականության սահմանումը և համակարգումը: Ինչպես նաև, այն համակարգում է Եվրամիության անդամ երկրների լայն տնտեսական քաղաքականությունը: Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում Խորհուրդը մշակում է ընդհանուր դիրքորոշումներ և որոշում է ընդունում համատեղ միջոցառումների վերաբերյալ: Ստորագրում է համաձայնագրեր Եվրամիության և այլ երկրների միջև, մշակում է Եվրամիության արտաքին և պաշտպանական քաղաքականությունը, համակարգում է անդամ երկրների դատարանների և ոստիկանության համագործակցությունը:

Եվրամիության խորհուրդը Եվրախորհրդարանի հետ մեկտեղ, հաստատում է Եվրամիության բյուջեն, որը նրան է ներկայացնում Եվրահանձնաժողովը: Ինչպես նաև`հաստատում է Եվրամիության Աուդիտորական դատարանի և այլ մարմինների անդամներին: Խորհուրդն ունի Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի վերահսկողության մեխանիզմ:

Լիսաբոնի պայմանագրով ավելի մեծ ուշադրություն է դարձվում այսպես կոչված Եռյակի համանախագահությանը, որի շրջանակներում, երեք հաջորդ Նախագահ պետությունները միասին են աշխատում: Երկրների կենտրոնացման և հետևողականության ապահովման համար, անհրաժեշտ է, որ Եռյակը ներկայացնի 18-ամսյա ծրագիր:  Բացի այդ, Եռյակի բոլոր անդամները համատեղ են վարում Խորհրդի նիստերը (հանած Արտաքին գործերի խորհուրդը ): Համանախագահող մյուս 2 երկրները աջակցում են այդ պահին նախագահող երկրին ընդհանուր ծրագրի շրջանակներում: Չնայած դրան, առանձին նախագահող երկրները նախկինի պես կարող են իրենց առաջնահերթություններն արտացոլել նախագահության 6 ամիսների ընթացքում,  բայց Եռյակը պետք է ընդհանուր հիմք գտնի և համաձայնության հասնի 18-ամսյա ընդհանուր աշխատանքային շրջանակի մասին:

Անդամ երկրների նախարարների մակարդակով Խորհուրդը գումարվում է  9 կառուցվածքային միավորի տեսքով (1. Ընդհանուր հարցերի խորհուրդ, 2. Էկոնոմիկայի և ֆինանսների խորհուրդ, 3. Արդարադատության և ներքին գործերի խորհուրդ, 4. Զբաղվածության, սոցիալական քաղաքականության, առողջապահության և սպառողների հարցերի խորհուրդ, 5. Մրցակցության հարցերի խորհուրդ, 6. Տրանսպորտի, հեռահաղորդակցությունների և էներգետիկայի խորհուրդ, 7. Բնապահպանական խորհուրդ, 8. Գյուղատնտեսության և ձկնորսության խորհուրդ, 9. Երիտասարդության, մշակույթի և սպորտի խորհուրդ): Խորհուրդը գումարվում է նաև այլ կառուցվածքային միավորի տեսքով` սա Արտաքին գործերի խորհուրդն է, որը նախագահում է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչը:

Բացի օրենսդրական ակտերի ընդունումից, ընդհանուր արտաքին և անվտանգության ընդհանուր քաղաքականություն մշակելուց, միջազգային պայմանագրեր կնքելուց և Եվրամիության բյուջեն քննարկելուց, Եվրամիության խորհուրդը համակարգում է անդամ երկրների ազգային մակրոտնտեսական քաղաքականությունը: Որոշումներն ընդունվում են հասարակ մեծամասնությամբ, որակյալ մեծամասնությամբ կամ միաձայն: Խորհրդում հարցերի գերակշիռ մասն ընդունվում է որակյալ մեծամասնության սկզբունքով, մյուս դեպքերում ՝ միաձայն (օրինակ ՝ արտաքին քաղաքականության կամ հարկերի ներդաշնակեցման հարցերի դեպքում):