Եվրոպական խորհուրդ

Եվրոպական խորհուրդը, որպես Եվրամիության առաջնորդների միջև քննարկումների համար սահմանված ոչ պաշտոնական ֆորում, իր գործունեությունը սկսվել է 1974 թվականին: Խորհուրդը արագորեն զարգացավ՝ նպատակներ սահմանելով Եվրամիության բոլոր ոլորտներում և դրանց հասնելու համար նախանշելով համապատասխան միջոցներ: 1992 թվականին Մաաստրիխտի պայմանագրով Եվրոպական խորհրդին շնորհվեց պաշտոնական կարգավիճակ և գործառույթ, որը ենթադրում էր Եվրամիության զարգացման նպատակով քաղաքական ուղղությունների և առաջնահերթությունների սահմանում: Բացի այդ, Լիսաբոնի պայմանագրով այն դարձավ Եվրամիության յոթերորդ պաշտոնական հաստատությունը: Խորհրդի հանդիպումները հիմնականում հանդիսանում են գագաթնաժողովները, որտեղ հավաքվում են Եվրամիության առաջնորդները` լայն քաղաքական առաջնահերթություններ կամ նախաձեռնություններ քննարկելու և լուծելու համար:
Եվրոպական խորհուրդը բաղկացած է անդամ երկրների Կառավարության կամ պետության ղեկավարներից, Խորհրդի նախագահից և Հանձնաժողովի նախագահից: Նրա աշխատանքներին մասնակցում է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչը: Եվրոպական խորհուրդը սահմանում է Եվրամիության ընդհանուր քաղաքականությունը և առաջնահերթությունները: Այն չունի օրենսդրական գործառույթներ: Եվրոպայի խորհուրդը քննարկում է այն դժվար և զգայուն հարցերը, որոնք հնարավոր չի եղել լուծել ավելի ցածր մակարդակի վրա: Եվրոպայի խորհուրդը ձևավորում է Եվրամիության միասնական արտաքին և անվտանգության քաղաքականությունը, ինչպես նաև առաջադրում և հաստատում է թեկնածուների այնպիսի բարձր պաշտոնների այնպիսի կարևոր հաստատություններում, ինչպիսիք են`Եվրոպայի Կենտրոնական բանկը և Եվրահանձնաժողովը: Եվրոպայի խորհուրդը սովորաբար գումարվում է վեց ամիսը երկու անգամ՝ Նախագահի հրավերով: Եթե պահանջում է իրավիճակը, այն հրավիրում է հատուկ նստաշրջան: Նախագահը նշանակվում է երկուսուկես տարի ժամկետով, մեկանգամյա նորացումով (Լիսաբոնի պայմանագրի համաձայն): Եվրոպայի խորհուրդը սովորաբար հավաքվում է Բրյուսելում:
Քննարկումների ընթացքում որոշումները կայացվում են փոխհամաձայնության հիման վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ Համաձայնագիրը կոնկրետ հարցը այլ կերպ է կարգավորում: Խորհուրդը որոշումները կայացնում է միաձայն կամ որակյալ մեծամասնությամբ: Որոշումներ կայացնելիս Խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները, ինչպես նաև, արտաքին գործերի և անվտանգության ոլորտում Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչը չունեն քվեարկելու իրավունք: