Եվրոպայի արդարադատության դատարան

Եվրոպայի արդարադատության դատարանը ստեղծվել է 1952 թվականին և գտնվում է Լյուքսեմբուրգում: Եվրոպայի արդարադատության դատարանը կազմված է երկու առանձին դատարաններից ՝ Արդարադատության դատարան (Court of Justice) և Ընդհանուր դատարան (General Court):
Դատարանը մեկնաբանում է Եվրամիության օրենքները` նրա ապահովման համար, որ այս կամ այն օրենքը կիրառվի հավասարապես բոլոր անդամ երկրներում: Դատարանը քննում է Եվրամիության կառավարությունների և ինստիտուտների միջև ծագած վեճերը: Բացի այդ, անհատները, ընկերությունները և կազմակերպությունները ևս կարող են դիմել դատարան այն դեպքում, եթե համարում են, որ Եվրամիության ինստիտուտները խախտել են իրենց իրավունքները: Բոլոր անդամ երկրները դատարանում ունեն մեկ դատավոր, որի արդյունքում այս ինստիտուտում ընդհանուր 27 դատավոր կա: Դատավորներին օգնում են գլխավոր փաստաբանները (ընդամենը՝ 11 հոգի) և նրանց հիմնական պարտականությունն է կոմպետենտ կարծիք հայտնել ներկայացված վարույթների վերաբերյալ: Նրանք պարտավոր են իրականացնել իրենց լիազորությունները հրապարակավ և անկողմնակալ: Յուրաքանչյուր դատավոր և գլխավոր փաստաբան նշանակվում է վեց տարի ժամկետով (ժամկետը կարող է երկարաձգվել): Դատավորներն ընտրում են նախահագին երեք տարի ժամկետով ՝ նույնպես երկարաձգման հնարավորությամբ: Նախագահի պարտականությունների մեջ են մտնում դատարանի աշխատանքի առաջնորդումը, ինչպես նաև նիստերի վարումը և գործերի վարույթների քննությունը:
Վարույթների մեծ քանակի պատճառով, անհատների, ընկերությունների և կազմակերպությունների հայտերը, ինչպես նաև մրցակցության իրավունքի հետ կապված վարույթները քննում է ընդհանուր դատարանը, իսկ «Եվրամիության հանրային ծառայության տրիբունալը» կարգավորում է Եվրամիության և նրա աշխատակազմի միջև ծագած վեճերը: Դատարանի կողմից քննված վեճերի թվում կարելի է առանձնացնել հինգ ամենատարածված դեպքերը՝ 1. Նախաքննության պահանջում, երբ ազգային դատարանները պահանջում են մեկնաբանել Եվրոպական միության արդարադատության դատարանի օրենքը: 2. Բողոքը Եվրամիության անդամ երկրների կառավարությունների դեմ`Եվրամիության օրենքները չկիրառելու համար. 3. Բողոքը Եվրամիության այն օրենքները չեղյալ հայտարարելու վերաբերյալ, որոնք, ամենայն հավանականությամբ, խախտում են Եվրամիության պայմանագրերը և հիմնարար իրավունքները. 4. Բողոքը Եվրամիության ինստիտուտների դեմ ՝ իրենց պարտականությունները չկատարելու համար. 5. Անհատների, ընկերությունների և կազմակերպությունների բողոքներն ընդդեմ Եվրամիության որոշումների կամ գործողությունների:
Բողոքների լսումները դատարանում ընթանում են երկու փուլով`գրավոր և բանավոր: Նախ՝ վեճի կողմերը գրավոր դիմում են ներկայացնում այդ գործընթացի համար պատասխանատու դատավորին: Դատավորն ամփոփում է այս դիմումը և եզրակացություն է գրում: Երկրորդ փուլում սկսվում է վարույթի բանավոր լսումը: Կախված գործի ծանրությունից, դատավարությունը կարող է իրականացվել 3, 5, 15 կամ բոլոր դատավորների մասնակցությամբ: Լսմանը մասնակցում են գլխավոր փաստաբանները, ովքեր հարցեր են տալիս և արտահայտում իրենց կարծիքը` կապված վարույթի հետ: Դատավճիռը կայացվում է ձայների մեծամասնությամբ և ընթերցվում է հրապարակավ: