Ի՞նչ է Եվրամիությունը:
Խաղաղությունն ու անվտանգությունը, տնտեսական և սոցիալական բարգավաճումը, անդամ երկրների մշակութային ինքնության և արժեքների պաշտպանությունը, ինչպիսիք են բազմակարծությունը, հանդուրժողականությունը, արդարությունը և համերաշխությունը, այն գաղափարներն են, որոնք միավորում են Եվրամիության 27 անդամ պետություններին և նրա 446 մլն. քաղաքացիներին։
Եվրամիությունը եզակի միություն է, որը վերջին 70 տարիների ընթացքում շարունակաբար զարգանում է։ Եվրամիությունը ղեկավարվում է համաձայնագրերով, ենթաօրենսդրական ակտերով, Եվրոպական միության ինստիտուտների կողմից ընդունված դրույթներով, հրահանգներով և հանձնարարականներով, որոնք Եվրամիության ընդհանուր քաղաքականության հետ միասին հանդիսանում են Եվրոպական միության խորհրդի կողմից ընդունված որոշումների արդյունք (ներկայացնում է ազգային կառավարությունները), որոնք ընդունում են Եվրոպական խորհրդարանը (ներկայացնում է ժողովրդին), Եվրոպական հանձնաժողովը (Եվրամիության անդամ պետությունների կառավարություններից անկախ մարմին և պաշտպանում է ընդհանուր եվրոպական շահերը) և Եվրամիության այլ ինստիտուտներ և մարմիններ:
Եվրամիությունը եզակի քաղաքական և տնտեսական միություն է, որի նպատակն է ապահովել խաղաղություն, բարգավաճում և ազատություն ավելի արդար և անվտանգ աշխարհում: Եվրոպական միությունը հիմնված է այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են մարդու արժանապատվությունը, ազատությունը, իրավահավասարությունը, օրենքի գերակայությունը, ինչպես նաև մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը։ Այս արժեքները միավորում են Եվրամիության անդամ 27 երկրները, որոնց բնորոշ է բազմակարծությունը, հանդուրժողականությունը, արդարությունը, համերաշխությունը և հավասարությունը իր 446 միլիոն քաղաքացիների նկատմամբ:
Եվրամիության մասին պայմանագրի 2-րդ հոդվածը սահմանում է այն արժեքները, որոնց վրա հիմնված է կազմակերպությունը, մասնավորապես, մարդու արժանապատվության հարգանք, ազատություն, ժողովրդավարություն, հավասարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն, այդ թվում փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, բազմակարծություն, խտրականության բացակայություն, հանդուրժողականություն, արդարություն, համերաշխություն, կանանց և տղամարդկանց հավասարություն։ Բացի այդ, Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշվում է անդամ պետությունների ազգային ինքնությունը հարգելու անհրաժեշտությունը։ Հոդված 6-ը ճանաչում է Եվրոպական միության հիմնարար իրավունքների խարտիայի պարտադիր ուժը: Եվրամիության նպատակները հռչակված են Եվրամիության մասին պայմանագրի 3-րդ հոդվածում, համաձայն որի Եվրամիությունը նպատակ ունի նպաստել խաղաղությանը, Միության արժեքներին և անդամ պետությունների ժողովուրդների բարեկեցությանը: Համաձայնագրի համաձայն՝ բարգավաճում նշանակում է՝ տնտեսական աճ, գների կայունություն, սոցիալական շուկայական տնտեսություն, ներքին շուկայի ստեղծում, շրջակա միջավայրի պաշտպանություն, սոցիալական արդարության և մշակութային բազմազանության ապահովում, ինչպես նաև ազատության, անվտանգության և արդարության տարածքի ստեղծում։
ԵՄ անդամակցության չափանիշները (Կոպենհագենի չափանիշներ) և ընթացակարգը
Եվրամիության մասին պայմանագրի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, Եվրոպական Միության մեջ անդամագրման մասին հայտ կարող են ներկայացնել այն եվրոպական պետությունները, որոնք հարգում են, ինչպես նաև աջակցում են Եվրամիության մասին համաձայնագրի 2-րդ հոդվածում թվարկված արժեքները: Տվյալ հոդվածի դրույթը ներառում է Եվրոպական Միությանն անդամակցելու ինչպես աշխարհագրական, այնպես էլ քաղաքական չափանիշներ:
1993 թվականին Եվրախորհուրդը Կոպենհագենի (Դանիա) գագաթնաժողովին ճանաչեց Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների իրավունքը միանալու Եվրոպական Միությանը, եթե նրանք բավարարեն հետևյալ երեք չափանիշները`
Քաղաքական. Ունի կայուն ինստիտուտներ, որոնք պատասխանատու են ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների համար։
Տնտեսական. Ունի գործող տնտեսական շուկա և ունակ է դիմակայելու մրցակցային ճնշմանը և շուկայական գներին` Եվրամիության շրջանակներում:
Իրավական․Ընդունում է Եվրամիությունում սահմանված օրենքներն ու փորձառությունը, մասնավորապես` քաղաքական, տնտեսական և արժութային հիմնական նպատակները:
Կոպենհագենի չափանիշը ներառում է նաև Եվրամիության այսպես կոչված «Ձեռքբերման» (Acquis) իրականացում, ինչը նշանակում է, որ անդամակցելուց հետո Եվրամիության ողջ իրավունքը տարածվում է նաև նոր պետություններում: Եվրամիության իրավունքի համակարգը, բացի պայմանագրերից և երկրորդային իրավունքից, հիմնվում է նաև մի շարք հայտարարությունների, փորձառության և որոշումների ամբողջության վրա, ինչն ամբողջությամբ Եվրամիության «ձեռբերումն է»:
Եվրամիություն ընդունելու գործընթացն ունի բազմաթիվ փուլեր, և դրանք բոլորը պետք է արտոնված լինեն Եվրամիության բոլոր անդամ պետությունների կողմից: Սկզբից անդամակցել ցանկացող պետությունը պաշտոնապես հայտով դիմում է Եվրամիության խորհրդին, որից հետո տեղի է ունենում եվրոպական և ազգային Խորհրդարանների տեղեկացում նշվածի վերաբերյալ: Խորհուրդը Եվրահանձնաժողովին կոչ է անում կազմել եզրակացություն անդամակցման հայտի վերաբերյալ: Նրանից հետո, երբ Հանձնաժողովն ուսումնասիրում է երկրի քաղաքական, իրավական և տնտեսական վիճակը, կայացված եզրակացությունն ուղարկում է Խորհրդին, որը որոշում է կայացնում անդամակցության բանակցությունները սկսելու մասին: Դրական որոշման դեպքում սկսվում են որոշման շուրջ բանակցությունները: Բանակցությունների պաշտոնական ավարտից հետո անհրաժեշտ է Եվրախորհրդարանի պաշտոնական համաձայնությունը: Երբ քննարկումն ու ուղեկցող բարեփոխումները հաջող ավարտվում են, Եվրամիության թեկնածուի անդամակցության վերաբերյալ որոշումը Խորհուրդը պետք է ընդունի միաձայն: Գործընթացը համարվում է ավարտված, երբ անդամակցության մասին պայմանագիրը վավերացվում է նախ` թեկնածուի, այնուհետև` Եվրամիության անդամ բոլոր պետությունների կողմից:
Եվրամիությունից դուրս գալը
Եվրամիության օրենսդրությունը Լիսաբոնյան պայմանագրից առաջ չէր նախատեսում անդամ պետության կողմից Եվրամիության կազմից դուրս գալու հարցը, չնայած, տեսականորեն, նման հնարավորություն գոնե միջազգային հանրային իրավունքի հիման վրա գոյություն ուներ: Մասնավորապես, անդամ պետությունը կարող էր դուրս գալ Եվրոպական միավորումից հանգամանքների փոփոխության հիման վրա: Լիսաբոնի պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո անդամ պետության դուրս գալը Եվրամիությունից՝ իր սահմանադրական պահանջներին համապատասխան, կարգավորվում է Պայմանագրի 50-րդ հոդվածով: Եվրամիությունից դուրս գալու ցանկություն ունեցող անդամ պետությունը պետք է անցնի հետևյալ ընթացակարգերը. որոշման մասին տեղեկացնի Եվրոպական խորհրդին, սակայն պարտավոր չէ որոշումը հիմնավորել: Դրանից հետո Եվրոպական Միությունը, Եվրախորհրդի ուղեցույց ցուցումների նախատեսմամբ, բանակցություններ կանցկացնի Եվրամիությունից դուրս գալ ցանկացող պետության հետ Համաձայնագիր կնքելուց մասին, որի հետևանքով պետք է կարգավորվեն բոլոր կարևոր մանրամասները և նախանշվի հետագա համագործակցության շրջանակը: Դուրս գալ ցանկացող պետության հետ Համաձայնագիրը կնքում է Խորհուրդը, որը գործում է Եվրամիության անունից:
Որոշումն ընդունվում է որակյալ մեծամասնությամբ, սակայն մինչ այդ անհրաժեշտ է տվյալ հարցի մասին Եվրախորհրդարանի համաձայնությունը: Անդամ պետությունը Եվրամիությունից դուրս եկած է համարվում դուրս գալու մասին Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Այն դեպքում, եթե համաձայնության հասնելը հնարավոր չի լինում, Եվրախորհրդին դուրս գալու մասին ցանկություն հայտնելուց 2 տարի հետո անդամ պետությունն ավտոմատ կերպով դուրս է գալիս Եվրամիությունից (սակայն, այս երկամյա ժամկետը Եվրախորհուրդը կարող է երկարաձգել Եվրամիությունից դուրս գալ ցանկացող պետության համաձայնության դեպքում): Երկամյա ժամկետի սահմանումը մատնանշում է այն մասին, որ ցանկության դեպքում, ցանկացած անդամ պետություն կարող է դուրս գալ Միությունից, Եվրամիությունը որոշումն արգելափակելու իրավունք չունի:
Նշենք, որ 2016 թվականի հունիսի 23-ին կայացած հանրաքվեի հիման վրա Մեծ Բրիտանիայի բնակչությունը քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին։ Մեծ Բրիտանիայի և Եվրամիության միջև բանակցությունները շարունակվում էին երկու տարի, և Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն՝ գործընթացը պետք է ավարտվեր 2019 թվականի մարտի 29-ին։ Սակայն Մեծ Բրիտանիան երկու տարով երկարաձգելու խնդրանքով դիմել է Եվրոպական խորհրդին։ Երկարատև բանակցությունների արդյունքում Մեծ Բրիտանիան պաշտոնապես լքեց Եվրամիությունը 2020 թվականի հունվարի 31-ին։