Եվրամիության հարևանության քաղաքականությունը
Եվրամիության համար կարևոր է իր հարևանության կայունության և անվտանգության հարցը։ Հենց այդ նպատակով Եվրամիությունը ձևավորել է «Եվրոպական հարևանության քաղաքականությունը», որի շրջանակներում ենթադրվում է համագործակցություն արևելքում և հարավում գտնվող իր հարևանների հետ։
Եվրամիությունը համագործակցում է իր հարևանների հետ երկկողմ գործընկերության ձևաչափով` պաշտպանելու ընդհանուր արժեքները (ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և օրենքի գերակայություն), միաժամանակ աշխատելով միասին զարգացնել շուկայական տնտեսությունը և կայուն զարգացումը: Դրա համար Եվրամիությունը ֆինանսական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում իր հարևաններին։
2003 թվականի մարտին Եվրամիությունը ներկայացրեց «Ընդլայնված Եվրոպա։ Հարևանություն։ Նոր շրջանակ արևելյան և հարավային մեր հարևանների հետ հարաբերությունների համար» փաստաթուղթը, որին հավանություն է տվել Եվրամիության խորհուրդը և համարել քաղաքական ուղղությունը որոշելու նախընտրելի հարթակ։ Խորհուրդը Եվրահանձնաժողովին խնդրել է առաջարկներ ներկայացնել Ուկրաինայի, Մոլդովայի և Հարավային միջերկրածովյան գործընկեր երկրների համար գործողությունների ծրագրերի մշակման համար, որոնց հետ Եվրամիությունն ունի Ասոցացման համաձայնագրեր: 2004 թվականի հունիսի 14-ին Եվրամիության խորհուրդը հաստատել է Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված «Եվրամիության հարևանության քաղաքականության ռազմավարությունը», որի հիման վրա Հարավային Կովկասի երեք երկրներն ընդգրկվել են «Եվրոպական հարևանության քաղաքականության» մեջ։
Եվրոպական հարևանության քաղաքականություն (ENP), որը նպատակ ունի ընդլայնել Եվրամիությունը դեպի արևելք և հարավային հարևանության մեջ խուսափել նոր բաժանարար գծերից ու այնտեղ նպաստել բարեկցության, խաղաղ զարգացման և անվտանգության ամրապնդմանը: ENP-ի շրջանակներում Եվրամիության հարաբերություններն իր հարևանության հետ հիմնված են ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության արժեքներ վրա և ուղղված է կողմերի միջև քաղաքական, տնտեսական և մշակութային մերձեցման գործընթացին նպաստելուն:
Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ENP) Եվրամիության արտաքին քաղաքականությունն է իր սահմաններից հարավ և արևելք հարևան երկրների նկատմամբ, և այն հանդիսանում է այդ երկրների հետ համագործակցության հիմնական մեխանիզմը: Եվրոպական հարևանության քաղաքականության նպատակն է կիսել Եվրամիության կայունությունը, անվտանգությունը և բարգավաճումը հարևան երկրների հետ: Հիմնական սկզբունքներից մեկը հարևան երկրներին ներքին բարեփոխումներ իրականացնելու հարցում օգնելու ցանկությունն է։ Եվրոպական հարևանության քաղաքականությունը հավատարիմ է Եվրամիության և նրա հարևան երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային մերձեցման գործընթացին աջակցելուն, որը ծառայում է միասնական և ազատ Եվրոպայի գաղափարի իրականացմանը՝ տարածելով ժողովրդավարություն, կայունություն և բարգավաճում:
Եվրամիության հարևանության քաղաքականությունն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ երկրի կամ տարածաշրջանի ռազմավարական գործողությունների պլանների հիման վրա, որոնք պատրաստվել են նրա հարևան երկրների հետ համագործակցությամբ: Նշված գործողությունների ծրագրերում Եվրոպական հանձնաժողովը սահմանում է քաղաքական և տնտեսական այն պարամետրերը, որոնց հիման վրա գնահատվում է տվյալ երկրի ձեռք բերած առաջընթացը։
Գործողությունների ծրագիրը հիմնված է Հարևանության նախաձեռնության բոլոր երկրների հետ հարաբերություններում ընդհանուր սկզբունքների վրա, թեև դրա բովանդակությունը տարբերվում է՝ կոնկրետ երկրի հետ համագործակցության առկա մակարդակին, երկրի կարիքներին և ընդհանուր շահերին համապատասխան: Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը վերահսկվում է Եվրամիության հատուկ հանձնաժողովի և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կողմից (European External Action Service), և տարին մեկ անգամ Եվրամիությունը հրապարակում է գործողությունների ծրագրի կատարման հաշվետվությունը: