Եվրոպական միության զարգացման փուլերը՝ հիմնական պայմանագրեր
Ավելի կայուն և անվտանգ միջավայր ստեղծելու, անդամ երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով Եվրամիությունը մշտապես զարգացրել է իր բազմաճյուղ կառուցվածքը, որն ի վերջո ձևավորել է աշխարհում նմանը չունեցող միություն։
Եվրամիությունը մշտապես զարգացրել և զարգացնում է մի կառույց, որն աշխարհում նմանը չունի։ Եվրամիության հիմնադիր օրենսդրությունը անդամ երկրների կողմից ստորագրված տարբեր պայմանագրերն են, որոնք հիմք են դնում Եվրամիության քաղաքականությանը և սահմանում են նրա ինստիտուցիոնալ կառուցվածքը, օրենսդրական ընթացակարգերը և հիմնական լիազորությունները:
Այդպիսի պայմանագրեր են, օրինակ, Հռոմի պայմանագիրը, Միասնական եվրոպական ակտը, Մաստրիխտի, Ամստերդամի և Լիսաբոնի պայմանագրերը:
Հռոմի պայմանագրից մինչև Միասնական եվրոպական ակտ
«Եվրոպայի քարածխի և պողպատի միավորման» մեջ ընդգրկված վեց անդամ երկրների միջև հարաբերություններն այնքան կայուն և առաջադիմական բնույթ ստացան, որ շուտով որոշվեց ստեղծել «Եվրոպական տնտեսական միություն», որի համար 1957 թվականին հիմք հանդիսացավ Հռոմի պայմանագիրը:
1955 թվականին Իտալիայի քաղաք Մեսինայում վեց երկրների (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ և Նիդերլանդներ) արտաքին գործերի նախարարները համաձայնեցին շարունակել ինտեգրման գործընթացը: Ստեղծվեց կառավարական հանձնաժողով, որը հիմք նախապատրաստեց Հռոմի պայմանագրի համար: 1957 թվականին Հռոմում ստորագրվեց Եվրոպական տնտեսական միավորումների պայմանագիրը: Նույն օրը առանձին պայմանագրով հիմնվեց «Եվրատոմը» (Եվրոպական միավորում ատոմային էներգիայի ոլորտում), որի նպատակն էր հանդիսանում Եվրոպայում ատոմային էներգիայի ընդհանուր շուկայի ստեղծումը, մասնավորապես` ատոմային էներգիայի արդյունաբերության զարգացումը, էներգիայի բաշխումը անդամ պետությունների միջև և մնացած ռեսուրսների վաճառքը ոչ անդամ երկրներին:
Հռոմի պայմանագրի հիմնական ձեռքբերումներից մեկն էր Համաձայնագիրը ընդհանուր շուկայի ստեղծման մասին, ինչին հետագայում պետք է հաջորդեր Մաքսային միության ձևավորումը: Ընդհանուր շուկան նախատեսում էր Եվրամիության անդամ երկրների միջև խոչընդոտների վերացում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և մարդկանց տեղաշարժի առումով: Հռոմի պայմանագիրը պետք է ապահովեր նաև ընդհանուր գյուղատնտեսական և արտաքին առևտրային քաղաքականության ձևավորում:
1967 թվականին (ստորագրվել է 1965 թ.) Բրյուսելի պայմանագրով (նույն Merger Treaty) տեղի ունեցավ վերը նշված երեք կազմակերպություններին ՝ Եվրոպայի քարածխի և պողպատի միավորման, Եվրոպական տնտեսական միության (այսուհետ`Եվրամիավորում) և «Եվրատոմի» գործադիր մարմինների` Հանձնաժողովի (այսուհետ` Եվրոպական հանձնաժողովի) և Խորհրդի միավորում մեկ ինստիտուցիոնալ համակարգում, որը կոչվում է «Եվրոպական միավորումներ»: 1992 թվականին Մաաստրիխտի պայմանագրի հիման վրա անվանումը փոխվեց և «Եվրոպական միավորումները» վերածվեց Եվրամիության:
1968 թվականին գործարկվեց Եվրամիավորման Մաքսային միությունը, որի հիմքը դրվեց Հռոմի պայմանագրով, և համաձայն որի վերացվեցին անդամ երկրների միջև առևտրի սակագները, ինչպես նաև սահմանվեցին ընդհանուր սակագներ միավորման ոչ անդամ պետությունների համար: 70-ական թվականներին սկսվեց արտաքին քաղաքականության ոլորտում միջկառավարական համագործակցության զարգացումը: 1970 թվականից ի վեր անդամ պետությունների արտգործնախարարները եռամսյակը մեկ հավաքվում էին` արտաքին քաղաքականության հարցերը քննարկելու համար: Ստեղծվեց մշտական քաղաքական քարտուղարություն: Հետագայում այդ համագործակցությունը ինստիտուցիոնալացվեց, և ստեղծվեց եվրոպական քաղաքական համագործակցություն:
1974 թվականին անդամ պետությունների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպումները պաշտոնականացվեցին: Եթե 1969 թվականից այն տարին մեկ անգամ էր անցկացվում, ապա որոշվեց 1974 թվականից նման հանդիպումներ անցկացնել առնվազն տարին երկու անգամ: Եվրոպական խորհրդի շրջանակներում սահմանվում են ինտեգրման հիմնական կողմնորոշիչները, որի ստեղծումը նպաստել է ինտեգրման միջկառավարական բնույթի տարրի ամրապնդմանը:
Շենգենյան համաձայնագիր
1985 թվականի հունիսի 14-ին ստորագրվեց Շենգենյան համաձայնագիրը, որի համաձայն Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը և Նիդերլանդները համաձայնեցին աստիճանաբար վերացնել ընդհանուր սահմանային հսկողությունը և ներմուծել ազատ տեղաշարժի ազատություն ստորագրող անդամ պետությունների, այլ անդամ պետությունների կամ երրորդ պետությունների քաղաքացիների համար:
Այսօրվա դրությամբ Շենգենյան համաձայնագիրը միավորում է 26 երկիր.
- Եվրամիության 22 անդամ երկրներ․ Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա և Շվեդիա:
- Եվրամիության 4 ոչ անդամ երկրներ՝ Շվեյցարիա, Նորվեգիա, Իսլանդիա և Լիխտենշտեյն:
- Շենգենյան գոտու 4 թեկնածու երկրներ․ Բուլղարիա, Կիպրոս, Խորվաթիա և Ռումինիա:
Հիշյալ երկրները միասին կազմում են Շենգենյան գոտին: Մեծ Բրիտանիան և Եվրամիության անդամ Իռլանդիան Շենգենյան գոտու անդամներ չեն։
Շենգենյան գոտու արտաքին սահմանները խստորեն վերահսկվում են, իսկ նրա ներսում անձնագրային հսկողություն չի իրականացվում: Շենգենյան համաձայնագրով սահմանվեց, որ Շենգենյան գոտու մեջ ընդգրկված պետությունների միջև սահմանները պետք է վերացվեին, իսկ արտաքին սահմանները պետք է ամրապնդվեին: Երկրները պարտավոր են միգրանտների նկատմամբ միասնական քաղաքականություն վարել, ինչը պահանջում է տվյալների միասնական բազայի և ընդհանուր ոստիկանության-դատական միասնական համակարգի գործունեություն:
Միասնական եվրոպական ակտ
1986 թվականի փետրվարի 17-ին Լյուքսեմբուրգում և փետրվարի 28-ին Հաագայում Եվրամիության անդամ պետությունները ստորագրեցին այսպես կոչված Միասնական եվրոպական ակտը (Single European Act), որով փոփոխություններ կատարվեցին Եվրոպական միավորումների հիմնադիր պայմանագրերում, ուժի մեջ է մտել 1987 թվականի հուլիսի 1-ից: Միասնական եվրոպական ակտը դարձավ առաջին համապարփակ ռևիզիոն ակտը, որով իրականացվեց եվրոպական քաղաքական համագործակցության ինստիտուցիոնալացում, մասնավորապես. Եվրոպական խորհուրդը ձևավորվեց որպես Եվրամիության ինստիտուտներից մեկը: Ստեղծվեց Առաջին ատյանի դատարան: Խորհրդարանական վեհաժողովը պաշտոնապես կոչվեց Եվրախորհրդարան: Ներմուծվեց նոր նորմատիվ ընթացակարգ` համատեղ որոշման ընթացակարգը, որով ամրապնդում է Խորհրդարանի դերը: Ավելացան նաև Հանձնաժողովի իրավասությունները: Ձայների մեծամասնությամբ որոշումների կայացման ընթացակարգը տարածվեց շատ այնպիսի ոլորտների վրա, որտեղ նախկինում որոշումը կայացվում էր միայն միաձայն:
Օրակարգում դրվեց ընդհանուր շուկան վերջին փուլ տեղափոխելը և սկսվեց ներքին շուկա ստեղծելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, ինչը ենթադրում է առկա արգելքներից (քվոտաներ, սակագներ) և տնտեսական խոչընդոտներից զերծ տնտեսական տարածքի ստեղծում, որտեղ ազատ պետք է տեղի ունենար այսպես կոչված «Ազատության 4 տեսակների». ապրանքների, ծառայությունների, կապիտալի և մարդկանց տեղաշարժը: Ներքին շուկայի ստեղծումը պետք է ավարտվեր մինչև 1992 թվականի դեկտեմբերի 31-ը:
Մաաստրիխտի պայմանագիրը
Բեռլինի պատի փլուզումը, որին հաջորդեց Գերմանիայի միավորումը, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ազատվելը խորհրդային վերահսկողությունից, ինչպես նաև 1991 թվականի դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումն ու կարևոր ժողովրդավարական գործընթացները հանգեցրին Եվրոպայի քաղաքական կառուցվածքի փոփոխության:
1992 թվականի փետրվարի 7-ին Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում ստորագրվեց Եվրամիության մասին պայմանագիրը (Treaty on European Union), որը հայտնի է որպես Մաաստրիխտի պայմանագիր: Այս պայմանագրի ստորագրմամբ Եվրամիավորումները վերափոխվեց Եվրամիության, և բացի տնտեսականից, ձեռք բերեց նաև քաղաքական կողմ: Մաաստրիխտի պայմանագրով ուղղվեցին և մեկ փաստաթղթի մեջ միավորվեցին մինչ այդ գոյություն ունեցած բոլոր պայմանագրերը` Փարիզի (1950 թ.) և Հռոմի (1957 թ.) պայմանագրերը և Միասնական եվրոպական ակտը (1986 թ.):
Մաաստրիխտի պայմանագիրը սահմանում է, որ Եվրամիությունը պետք է հիմնված լինի երեք հիմնական սյուների վրա. Առաջինում միավորվեցին Եվրոպայում գոյություն ունեցող միավորումները (Եվրոպայի միավորում, Եվրոպայի քարածխի և պողպատի միավորում և Ատոմային էներգիայի եվրոպական միություն): Երկրորդում ընդգրկվեց ընդհանուր արտաքին և պաշտպանական քաղաքականությունը, իսկ երրորդում` համագործակցությունը արդարադատության և ներքին գործերում:
Առաջին սյունակ․ որպես այստեղ ներառված հարցեր սահմանվեցին Մաքսային միությունը, գյուղատնտեսական ընդհանուր քաղաքականությունը, միասնական շուկան, առևտրի քաղաքականությունը: Ամստերդամի պայմանագրով, հետագայում, այս սյունակում ավելացվեցին նաև այլ հարցեր:
Երկրորդ սյունակ․ կարգավորում էր այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ համագործակցությունը ընդհանուր արտաքին քաղաքականության մշակման հարցերի շուրջ, խաղաղապահ առաքելությունները, ոչ անդամ երկրների օգնության, եվրոպական անվտանգության, զինաթափման և պաշտպանության ֆինանսավորման հարցերը:
Երրորդ սյունակ․ այստեղ ներառված հարցերի մեջ ընդգրկվել են՝ անդամ երկրների ոստիկանության և դատական համակարգերի միջև համագործակցությունը քաղաքացիական և քրեական գործերով, ոստիկանական համագործակցությունը, ռասիզմի դեմ պայքարը, թմրամոլության, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի և մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարը։
Ըստ համաձայնագրի ՝ առաջին սյունակում հարցերը քննարկվել են վերազգային (կամ եվրոպական) մակարդակում, հարցը լուծվում էր ձայների մեծամասնությամբ, և այստեղ վճռական դեր տրվեց Եվրահանձնաժողովին և Եվրախորհրդարանին, Խորհրդի հետ միասին: Մյուս երկու սյունակներում առաջատար դեր շնորհվեց Խորհրդին` որոշումները կայացվում էին ազգային մակարդակում, անդամ երկրների ղեկավարների և նախարարների կողմից: Այստեղ որոշումն ընդունելու համար անհրաժեշտ էր ոչ թե մեծամասնության, այլ բոլոր երկրների համաձայնությունը: Երկրորդ և երրորդ սյունակների հարցերում, այսինքն ՝ ընդհանուր արտաքին և պաշտպանական քաղաքականության, ինչպես նաև արդարադատության և ներքին գործերի հարցերին, Հանձնաժողովը և Խորհրդարանը չէին կարողանա միջամտել:
Դրա պատճառ դարձավ այն, որ պետությունները չէին ցանկանում այնպիսի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հարցերը, ինչպիսիք են` անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, ներքին գործերը և արդարադատությունը, Հանձնաժողովին և Խորհրդարանին վստահել: Քանի որ տվյալ մարմինների նշանակությունը ընդհանուր եվրոպական շահերի պաշտպանությունն էր և ոչ թե` որևէ կոնկրետ երկրի քաղաքականության իրականացումը: (Այսինքն ՝ Եվրահանձնաժողովի կամ Եվրախորհրդարանի անդամը, որը կարող է ազգությամբ ֆրանսիացի լինել, իրավունք չունի գործել Ֆրանսիայի անունից և միայն Ֆրանսիայի համար ձեռնտու որոշմանն աջակցել):
Մաաստրիխտի պայմանագրի արդյունքում աճեց Եվրախորհրդարանի իշխանությունը: Մասնավորապես, համատեղ որոշման ընթացակարգի ներդրմամբ Եվրախորհրդարանին որոշակի ոլորտներում հավասար իրավունք շնորհվեց` Խորհրդի հետ մեկտեղ մասնակցելու օրենսդրական գործընթացին: Հանձնաժողովի ամբողջ կազմի հաստատման համար անհրաժեշտ դարձավ Եվրախորհրդարանի համաձայնությունը: Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանին կից ստեղծվեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որին իրավունք տրվեց ստուգել Եվրամիության իրավունքի խախտման փաստերը:
Համաձայն Մաաստրիխտի պայմանագրի, որոշվեց ստեղծել Եվրոպայի տնտեսական և արժութային միություն, որն իրականացվելու էր տնտեսական քաղաքականության սերտ համագործակցության և միասնական արժութային միավորի` եվրոյի ներմուծման միջոցով: Այդ նպատակով ստեղծվեց Եվրոպայի Կենտրոնական բանկը: Որոշվեց Եվրամիության քաղաքացիության, որպես ազգային քաղաքացիության, լրացուցիչ կարգավիճակ ներմուծել: Մաաստրիխտի պայմանագրում խոսքը նաև միասնական սոցիալական քաղաքականության ստեղծման մասին էր, սակայն այս գլուխն ի վերջո հանվեց, քանի որ սոցիալական քաղաքականությունը, ինչպես արտաքին և հարկային քաղաքականությունը, անդամ պետությունները համարեցին երկրի ներքին գործը: Մաաստրիխտի պայմանագիրն ուժի մեջ մտավ 1993 թվականից:
Ամստերդամի պայմանագիրը
1997 թվականին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում ստորագրվեց պայմանագիր (Treaty of Amsterdam), որը հայտնի է որպես Ամստերդամի պայմանագիր: Ամստերդամի պայմանագիրը ընդգրկում է այն հարցերը, որոնց շուրջ չհաջողվեց համաձայնության հասնել Մաաստրիխտում: Միջկառավարական համաժողովը հիմնական նպատակ էր նախանշում այնպիսի ինստիտուցիոնալ համակարգի ստեղծում, որն առանց խնդրի կապահովեր Եվրամիության հետագա ընդլայնումը և Արևելյան Եվրոպայի երկրների ինտեգրումը եվրոպական ինստիտուտներին: Չնայած դրան` հիմնական թեման, որի շուրջ քննարկումներ անցկացվեցին Ամստերդամի համաձայնագրի ընդունման գործընթացում, վերաբերում էր Եվրամիության կառավարման համակարգի «ճկունության» ավելացմանը և «ազատության, անվտանգության և արդարության» տարածքի ստեղծմանը: Ճկունության ավելացումը նշանակում էր Եվրամիության կառավարման մարմինների կառուցվածքների կատարելագործում, որպեսզի ավելի լավ համապատասխանեցվեր այն ժամանակահատվածի համար մինչև 15 անդամ մեծացած Եվրամիությանը, որտեղ կրկին նախատեսվում էր նոր անդամների ընդունում:
Երկրորդ կարևոր հարցը, որն այս պայմանագրում նախատեսել են, արդարադատության և ներքին գործերում համագործակցության խորացումն էր: Վիզային ռեժիմը, սահմանային հսկողությունը, ապաստան տալը և ներգաղթի քաղաքականությունը, ոստիկանության և դատական համակարգերի համագործակցությունը քաղաքացիական հարցերում, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների ու ոչ անդամ պետությունների իրավունքների պաշտպանությունը Եվրոպական միավորման հիմնադիր պայմանագրի շրջանակ տեղափոխվեց և ներառվեց Եվրամիության իրավասությունների առաջին սյունակում: Արդարադատության և ներքին գործերում համագործակցության սյունակում մնացել է ոստիկանության և դատական համակարգերի համագործակցությունը քրեական իրավունքի հարցերում: Ինչպես նաև, ընդլայնվել են Եվրոպական միավորման իրավասությունները սոցիալական քաղաքականության և զբաղվածության բնագավառում: Ոստիկանական համագործակցությունն ակտիվացնելու համար ստեղծվել է Եվրոպական ոստիկանություն` Եվրոպոլ:
Ամստերդամի պայմանագրով ներմուծվեցին նշանակալի նոր պաշտոններ` Եվրամիության գերագույն ներկայացուցիչ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով, որը միևնույն ժամանակ, Խորհրդի գլխավոր քարտուղարն էր: Խորհրդարանի լիազորություններն ավելացան համատեղ որոշումների ընթացակարգի գործողության բավականին բազմաթիվ իրավասությունների նորմերի վրա տարածման ճանապարհով: Բացի այդ, անհրաժեշտ դարձավ Հանձնաժողովի նախագահի թեկնածուի համար Խորհրդարանի համաձայնությունը:
Եվրոյի ներմուծումը
Տնտեսական և արժութային միության իրականացումը հաջողվեց 1999 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ինչը որոշված էր Մաաստրիխտի պայմանագրով: Մասնավորապես, եվրոն, որպես եվրոպական միասնական արժութային միավոր, այդ օրվանից անկանխիկ վճարումների մեջ արդեն օգտագործվում էր, իսկ 2002 թվականի հունվարի 1-ից այն ազգային արժույթներին փոխարինեց նաև կանխիկ վճարումներում:
Այսօրվա դրությամբ Եվրամիության անդամ 27 պետություններից Եվրոգոտում միավորված է միայն 19 երկիր: Մնացած երկրներում մինչև օրս շրջանառության մեջ է ազգային դրամական միավորը: Եվրոգոտում միավորվում են հետևյալ երկրները.
Ավստրիա, Բելգիա, Կիպրոս, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իռլանդիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա:
Եվրոգոտում միավորվելու համար Եվրամիության մյուս անդամ երկրները պարտավոր են բավարարել որոշակի չափանիշներ, ներառյալ. մինչև Եվրոգոտում միավորվելը երկիրը 2 տարի պետք է ներգրավված լինի Եվրոպական փոխարժեքի մեխանիզմում (European Exchange Rate Mechanism):
Բացի այդ, Անդորան, Մոնակոն, Սան Մարինոն և Վատիկանը պաշտոնական համաձայնագրեր ունեն Եվրամիության հետ, որ եվրոն օգտագործեն, որպես իրենց պաշտոնական արժույթ: Կոսովոն և Մոնտենեգրոն եվրոն միակողմանի են ներդրել, բայց պաշտոնապես Եվրոգոտու մաս չեն և ներկայացուցչություն չունեն Եվրոպական Կենտրոնական բանկում և Եվրախմբում, որը բաղկացած է Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարներից և Եվրոգոտու և եվրոյի հետ կապված քաղաքական որոշումներ է կայացնում:
Նիցցայի համաձայնագիրը
2000 թվականի դեկտեմբերին միջկառավարական խորհրդաժողովը Ֆրանսիայի քաղաք Նիցցայում համաձայնագիր է կազմել (Treaty of Nice): Այն ստորագրվել է 2001 թվականի փետրվարին, իսկ ուժի մեջ է մտել 2003 թվականի փետրվարից: Պայմանագրի հիմնական նպատակն էր ընդլայնման նոր ալիքի համար ինստիտուցիոնալ հիմք պատրաստել: Նիցցայի պայմանագրով սահմանվեցին մարմինների կազմի և Խորհրդում որակյալ մեծամասնությամբ որոշում կայացնելու նոր դրույթներ յուրաքանչյուր անդամ պետությանը տրված ձայների քանակի մասին, որտեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդագրական հարցին (այս համակարգը փոխարինվեց Լիսաբոնի պայմանագրով): Էլ ավելի ավելացան Եվրախորհրդարանի լիազորությունները, մասնավորապես, ընդհանուր որոշման ընթացակարգն էլ ավելի շատ իրավասության նորմ ներառավ: Ձայների մեծամասնությամբ որոշումների կայացման ընթացակարգը տարածվեց շատ այնպիսի իրավասությունների նորմերի վրա, որոնց շրջանակներում որոշումը ավելի վաղ պետք է միաձայն ընդունվեր:
Նիցցայի գագաթնաժողովի արդյունքներից մեկն էր Հիմնարար իրավունքների խարտիայի միաձայն ընդունումը: Սա 50 կետերից բաղկացած ժողովածու էր Եվրոպայի օրենսդրությամբ նախատեսված Մարդու իրավունքների, տնտեսական և սոցիալական իրավունքների վերաբերյալ:
Սահմանադրական համաձայնագիր
Նիցցայի գագաթաժողովում որոշվել է մինչև 2004 թվականը գումարել կոնֆերանս և նրա շրջանակներում վերանայել Եվրամիության մասին պայմանագիրը և Եվրոպական միավորումների հիմնադիր պայմանագրերը: 2001 թվականի դեկտեմբերի 15-ին Լեյկենում (Բելգիա) Եվրախորհրդի կողմից ընդունված հռչակագրի հիման վրա ստեղծվեց այսպես կոչված «Եվրոպական կոնվենտ», որը բաղկացած էր անդամ պետությունների ղեկավարների 15 ներկայացուցիչներից (յուրաքանչյուր պետութունից 1 ներկայացուցիչ), Ազգային խորհրդարանների 30 անդամներից (2 ներկայացուցիչ յուրաքանչյուր Խորհրդարանից), Եվրախորհրդարանի 16 անդամից և Հանձնաժողովի 2 ներկայացուցչից:
Խորհրդատվություններին մասնակցում էին նաև այն երկրների ներկայացուցիչները, որոնք առաջիկայում պետք է դառնային Եվրամիության անդամ: Կոնվենտի նախագահ հաստատեցին Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենին: Եվրոպական կոնվենտին հանձնարարվեց փաստաթուղթ մշակել, որը կներառի հանձնարարականներ անդամ պետությունների և եվրոպական միավորումների միջև իրավասությունների բաշխման, հիմնարար իրավունքների խարտիայի իրավական կարգավիճակի սահմանման, Ազգային խորհրդարանների կարգավիճակի որոշման և առկա կազմակերպչական կառուցվածքի ու մեխանիզմների պարզեցման մասին: 2004 թվականի հուլիսի 17-18-ին Բրյուսելի գագաթնաժողովին, որոշ փոփոխություններ կատարելուց հետո, համաձայնություն կայացավ Սահմանադրական պայմանագրի վերջնական տեքստի շուրջ, իսկ 2004 թվականի հոկտեմբերի 29-ին Հռոմում այն հանդիսավորապես ստորագրվեց։ Սահմանադրական պայմանագիրն իր իրավական բնույթով միջազգային պայմանագիր էր, սակայն այն ուժի մեջ չէր մտել, քանի որ Ֆրանսիայում և Նիդերլանդներում անցկացված հանրաքվեներին բնակչության մեծ մասը դեմ էր քվեարկել: Փորձագետների կարծիքով ՝ այս գործընթացում որոշակի բացասական դեր խաղաց «սահմանադրություն» տերմինը, քանի որ այն պետության հետ էր ասոցացվում, և, հետևաբար, դրա ուժի մեջ մտնելը կապվեց Եվրամիության պետական գոյացության վերածվելու հետ: Այս նորության համար որոշ անդամ պետություններում բնակչության մեծ մասը պատրաստ չէր:
Լիսաբոնի համաձայնագիրը
Այսպես կոչված «Բարեփոխումների մասին պայմանագիրը», որի լրիվ անվանումն է՝ «Լիսաբոնի պայմանագիր Եվրամիության մասին պայմանագրում և Եվրոպական միավորման հիմնադիր պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին», ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Լիսաբոն (Պորտուգալիա) քաղաքում և ուժի մեջ է մտել 2009 թվականի դեկտեմբերի 1-ին: Պայմանագիրն իմաստային առումով համահունչ է Սահմանադրական պայմանագրի տեքստին, սակայն նրանում տեղ չեն գտել այնպիսի հասկացություններ, որոնք սովորաբար ասոցացվում էին պետության հետ, օրինակ` սահմանադրություն, դրոշ, օրհներգ, Եվրոպական օրենսդրություն և այլն: Համաձայնագրի հիման վրա Եվրամիությանը տրվեց իրավական սուբյեկտի կարգավիճակ: Բացի այդ, այն հիմնականում նախատեսում էր փոփոխություններ` կապված Եվրամիության ինստիտուցիոնալ համակարգի հետ: Տվյալ Համաձայնագրի նպատակն էր Եվրամիության համար ստեղծել ավելի ուժեղ, միասնական կառավարում, արդյունավետ արտաքին քաղաքականության և անդամ պետությունների միջև որոշումների կայացման համեմատաբար պարզ համակարգ ձևավորել:
Ըստ Լիսաբոնի համաձայնագրի, ստեղծվել են Եվրամիության խորհրդի նախագահի և արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի պաշտոններ:
Լիսաբոնի պայմանագիրը նպատակ ուներ որոշումների կայացման պարզեցում Եվրամիության մակարդակով, ինչը նրա անդամ երկրների թվի ավելացման հետ ժամանակի ընթացքում ավելի էր բարդանում: Այդ նպատակով նոր պայմանագիրը նախատեսում էր վետոյի իրավունքի նվազեցում, փոխարենը, մեծացնում էր Եվրախորհրդարանի և Ազգային խորհրդարանների իրավունքները:
Փոփոխություններ կատարվեցին քվեարկության ընթացակարգերում. 45-ից ավելի ոլորտներում միաձայնության սկզբունքը փոխվեց որակյալ մեծամասնության սկզբունքով: Եվրախորհրդարանի և Եվրամիության խորհրդի որոշումների համատեղ որոշման սկզբունքը տարածվեց առաջին սյունակի 83 ոլորտերի վրա, և որոշումների կայացման այս ձևը Եվրամիության նորմատիվ ակտերի ընդունման ժամանակ կոչվեց սովորական ընթացակարգ (Ordinary procedure):
Ի թիվս այլ նորությունների, Լիսաբոնի համաձայնագիրը եվրոպացի քաղաքացիներին շնորհում էր նաև օրենսդրական նախաձեռնության (European Citizens’ Initiative) իրավունք, ինչը նշանակում է, որ Եվրամիության միլիոն քաղաքացիներ, որոնք հանդիսանում են Եվրամիության անդամ երկրների մեկ քառորդը (ներկայում 27* անդամ երկրներից առնվազն 7-ը), իրավունք ունեն ուղղակիորեն կոչ անել Եվրահանձնաժողովին նախաձեռնել օրենսդրություն` կապված այն ոլորտների հետ, որոնց վերաբերյալ իրավասությունը անդամ երկրները փոխանցել են Եվրամիությանը:
Ըստ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի` Եվրամիության բոլոր անդամ պետություններին իրավունք է տրվում, ըստ ցանկության դուրս գալ Միությունից: