Գործողություն Ակտիվ ջանք (Active Endeavor)

2001 թվականի հոկտեմբերից Ակտիվ ջանք գործողության շրջանակներում ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը (որոնք ներառում են ռազմանավեր, սուզանավեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ) պարեկություն են իրականացնում Միջերկրական ծովի ջրերում։ Նրանք վերահսկում են նավերի երթևեկությունը և ուղեկցում են առևտրային նավերը Ջիբրալթարի նեղուցում։ Ակտիվ ջանքերի նպատակն է կանխել, հայտնաբերել և ժամանակին չեզոքացնել Միջերկրական ծովի ջրերում ահաբեկչական գործողությունները։ Այս գործողությունը հանդիսանում է Հյուսիսատլանտյան դաշինքի զարգացման կարևոր փուլ։ Միջերկրական ծովում՝ ինտենսիվ առևտրային երթևեկության տարածաշրջանում, կայուն և հանգիստ միջավայրի ստեղծումը շատ կարևոր է Դաշինքի անվտանգության համար։ Արևմտյան Եվրոպայում նավթի և բնական գազի 65%-ը տեղափոխվում է Միջերկրական ծովի տարանցմամբ։ Խոշոր խողովակաշարերը Լիբիան կապում են Իտալիայի հետ, Մարոկկոն՝ Իսպանիայի։ Դրա նախատեսմամբ, Միջերկրական ծովի ավազանում Դաշինքի ռազմական ուժերը համակարգված կերպով վերահսկում են խողովակաշարերը։ 2003 թվականի մարտից ակտիվ ջանքերի շրջանակներում Ջիբրալթարի նեղուցում իրականացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների դրոշով նավարկող ոչ ռազմական նավերի ուղեկցում։ Այս որոշման նպատակն է կանխել ահաբեկչական հարձակումները, որոնք տեղի են ունեցել 2000 թվականին Եմենում ԱՄՆ-ի և 2002 թվականին Ֆրանսիայի դրոշով նավարկող նավերի դեմ։ 2003 թվականի ապրիլից ՆԱՏՕ-ն համակարգված կերպով ստուգում է կասկածելի նավերը: Ակտիվ ջանքեր գործողության շրջանակներում Դաշինքի նավերն ու ուղղաթիռները իրականացրել են մի քանի փրկարարական գործողություններ, ներառյալ աշխատողներին նավթահորի հարթակից և խորտակվող նավերից անձնակազմի տարհանումը։ Դաշինքի ռազմական ուժերի ներկայությունը Միջերկրական ծովի ջրերում նպաստել է ՆԱՏՕ-ի և Միջերկրական ծովի երկրների (Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Մավրիտանիա, Մարոկկո, Թունիս) սերտ համագործակցությանը անվտանգության ոլորտում, քանի որ նշված նախաձեռնության շրջանակներում այս երկրները հետախուզական տվյալներ են տրամադրում Դաշինքի ուժերին տարածաշրջանային ջրերում նավարկող նավերի մասին։ Միջերկրական ծովի ավազանում ՆԱՏՕ-ի ուժեղացված ներկայությունը անվտանգության երաշխիք է և դրական ազդեցություն ունի նավագնացության վրա։ Ակտիվ ջանքերը նպաստում են նաև տարածաշրջանում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Նշենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից բացի, գործողությանը ներգրավված են նաև Դաշինքի գործընկեր երկրները։