ՆԱՏՕ-ի դերը Բոսնիա-Հերցեգովինայում

Նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական-Դաշնային Հանրապետության փլուզումից հետո ՆԱՏՕ-ն վճռորոշ դեր է խաղում Բալկաններում ընթացող դրական փոփոխությունների գործընթացում։ 1992-1995 թվականների ընթացքում ՆԱՏՕ-ն ակտիվորեն աջակցում էր Բոսնիա-Հերցեգովինայում ռազմական գործողությունները դադարեցնելու ՄԱԿ-ի ջանքերին՝ բանաձևերի և դիվանագիտական ​​բանակցությունների միջոցով։ Խաղաղ միջոցներով տարածաշրջանում բռնությունը դադարեցնելու ՄԱԿ-ի բոլոր ջանքերն ապարդյուն են եղել: 1995 թվականի օգոստոսի 30-ին ՆԱՏՕ-ի ինքնաթիռները օդային հարված են հասցրել Բոսնիա-Հերցեգովինայում սերբական ռազմական կազմավորումների դիրքերին։ Օդային գործողությունը շարունակվել է մինչև նույն թվականի սեպտեմբերի 15-ը։ Դիվանագիտական ​​ջանքերը և օդային գործողության հաջողությունը նպաստեցին Բոսնիա-Հերցեգովինայում ռազմական գործողությունների դադարեցմանը և հող նախապատրաստեցին Դեյթոն քաղաքում (ԱՄՆ) հակամարտող կողմերի հաջող բանակցությունների համար, որոնք ավարտվեցին Դեյթոնյան խաղաղության համաձայնագրով։ 1995 թվականի դեկտեմբերի 16-ին Դաշինքը ՄԱԿ-ի մանդատով մեկ տարի ժամկետով Բոսնիա-Հերցեգովինայում տեղակայեց միջազգային ուժեր (Implementation Force – IFOR)՝ վերահսկելու ձեռք բերված խաղաղության համաձայնագրի կատարումը։ Նրանց առջև խնդիր էր դրված ապահովել հրադադարի ռեժիմը, նորաստեղծ վարչական միավորների (Բոսնիայի Դաշնություն և Սերբական Հանրապետություն) զինված ուժերը իրարից հեռացնել և վերահսկել ռազմական պահեստները։ Իրականացնող ուժերը մեծապես նպաստել են Բոսնիա-Հերցեգովինայում քաղաքացիական օդանավակայանների բացմանը և բնակչությանը ջրի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնմանը: Առաջադրված խնդիրները կատարելուց հետո, 1996 թվականի դեկտեմբերին իրականացնող ուժերը փոխարինվեցին ՆԱՏՕ-ի կայունացման ուժերով (Stabilization Force – SFOR): Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումից բացի, կայունացնող ուժերը ստանձնել էին Դեյթոնի խաղաղության համաձայնագրի քաղաքացիական ասպեկտներին նպաստում: Մասնավորապես, աջակցություն Բոսնիա և Հերցեգովինայում նոր ընդհանուր կառավարական մարմինների ձևավորմանը, բարեփոխումները տարբեր ոլորտներում, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը և փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձն իրենց տներ: Կայունացման ուժերին հանձնարարվել էր նաև ձերբակալել ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին և նրանց փոխանցել Նախկին Հարավսլավիայում միջազգային քրեական տրիբունալին (International Criminal Tribunal for the Former Yugoslavia): Բոսնիա-Հերցեգովինայում անվտանգության և կայուն միջավայրի վերականգնումից հետո ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության անձնակազմը մինչև 2004 թվականի վերջը աստիճանաբար կրճատվեց, երբ կայունացնող ուժերը ավարտեցին առաքելությունը։ 2004 թվականի դեկտեմբերի 2-ին հիմնական  պատասխանատվությունը ստանձնեց Խաղաղության պահպանման Եվրամիության (European Union) ռազմական առաքելությունը՝ «Ալթեան»՝ (Althea): Բոսնիա-Հերցեգովինայում անցումային ժողովրդավարական գործընթացներին աջակցելու և Եվրամիության հետ սերտ համակարգման նպատակով ՆԱՏՕ-ն Սարաևոյում (Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք) պահպանել է իր ներկայությունը ՝ իր ներկայացուցչության տեսքով (ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը Սարաևոյում): Սարաևոյում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ներկայացուցիչները նպաստում են Բոսնիա-Հերցեգովինայի կառավարությանը բարեփոխումների իրականացման մեջ՝ երկրի ռազմական և անվտանգության ոլորտում։ Ներկայումս Բոսնիա- Հերցեգովինան իրականացնում է անդամակցության գործողությունների ծրագիրը և հանդիսանում է ՆԱՏՕ-ի հավակնորդ երկրներից մեկը։