ՆԱՏՕ-ի դերը Կոսովոյի հակամարտությունում

1999 թվականի հունիսից ՆԱՏՕ-ն խաղաղապահ առաքելություն է իրականացնում Կոսովոյում։ Մարդասիրական աղետը կանխելու և խաղաղություն հաստատելու համար ՆԱՏՕ-ն իրականացրեց ռազմաօդային արշավ։ Դա միջազգային հանրության վերջին փորձն էր՝ վերջ դնելու Կոսովոյում սերբ զինվորականների և Կոսովոյի ալբանացիների միջև մեկամյա բռնություններին և ռազմական գործողություններին: Նշված արշավի հիմքում Սլոբոդան Միլոշևիչի կողմից ՄԱԿ-ի բանաձևերի մշտական անտեսումն էր։ Դիվանագիտական բոլոր միջոցները սպառելուց և խաղաղ բանակցությունների ձախողումից հետո Դաշինքը որոշեց օդային հարվածներ հասցնել Հարավսլավիայի կառավարության ռազմական և ռազմականացված կառույցներին։ Ռազմական օդային արշավը սկսվել է 1999 թվականի մարտի 24-ին և տևել 78 օր։ 1999 թվականի ապրիլի 23-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների և կառավարությունների ղեկավարները հաստատեցին Կոսովոյի հակամարտության հետ կապված Դաշինքի նպատակները. Կոսովոյի նահանգի ապառազմականացում, միջազգային ռազմական/խաղաղապահ առաքելության ստեղծում, փախստականների և ներքին տեղահանվածների անհապաղ և անվտանգ վերադարձ Կոսովոյում գտնվող իրենց տները, փախստականներին մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքում, քաղաքական համաձայնագրի մշակում, Կոսովոյի հետ կապված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի համաձայն՝ 1999 թվականին ՆԱՏՕ-ի և նախկին Հարավսլավիայի բանակի հրամանատարության միջև ռազմական համաձայնագրի ստորագրումից հետո, 1999 թվականի հունիսի 12-ին, ՄԱԿ-ի մանդատի հիման վրա ՆԱՏՕ-ն տարածաշրջան ուղարկեց այսպես կոչված Կոսովոյի ուժերը (Kosovo Force – KFOR) ։ Նրանց հանձնարարվել է՝ թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում, Կոսովոյի ազատագրական բանակի զինաթափում, վերակառուցման աշխատանքներ, ընտրական գործընթացների և այլ քաղաքական, տնտեսական, սոցիալական ասպեկտների զարգացման խթանում, Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության (United Nations Missiom in Kosovo –UNMIK) և այլ միջազգային ու հասարակական կազմակերպությունների մարդասիրական գործողություններին աջակցելը: Խաղաղապահ առաքելության սկզբում միասնական հրամանատարության և վերահսկողության ներքո գտնվող Կոսովոյի ուժերի կազմում 50 000 զինծառայող է միավորվել։ Առաքելության կազմում ընդգրկված են խաղաղապահներ ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ գործընկեր երկրներից։ 2003 թվականին տարածաշրջանում անվտանգության միջավայրի բարելավումը Դաշինքին թույլ տվեց կրճատել իր խաղաղապահ զորախումբը մինչև 15 000 մարդ: 2008 թվականի փետրվարի 17-ին Կոսովոյի կառավարությունը հռչակեց անկախություն։ Այս փաստին միջազգային քաղաքական ասպարեզում հաջորդեց պետությունների հարաբերությունների լարում։ Կոսովոյում անվտանգ և խաղաղ միջավայր ստեղծելու ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը մնացել է անփոփոխ, ուստի ՆԱՏՕ-ի գործողությունը Կոսովոյում այսօր շարունակվում է: Դաշինքը Միավորված ազգերի կազմակերպության առաքելության (UNMIK) հետ սերտ համագործակցությամբ նպաստում է ավելի ապահով միջավայրի ստեղծմանը, որտեղ բոլոր քաղաքացիները՝ անկախ էթնիկ ծագումից, կարող են խաղաղ համագոյակցել։