ՆԱՏՕ-ի դերն Իրաքում

ՆԱՏՕ-ն, որպես կազմակերպություն, չի մասնակցել Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած բազմազգ կոալիցիոն ուժերի ռազմական գործողությանը։ Դաշինքի դերն Իրաքում սահմանափակվում էր իրաքյան զինվորականների զորավարժումով: Դրանով ՆԱՏՕ-ն նպաստում էր Իրաքի կառավարությանը արդյունավետ զինված ուժեր ձևավորելու գործում և աջակցում նրա պաշտպանունակության ընդլայնմանը: 2004 թվականի հունիսի 22-ին Իրաքի անցումային կառավարության վարչապետը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին խնդրեց օգնություն ցուցաբերել իրաքցի զինվորականների վերապատրաստման և այլ տեխնիկական հարցերով: 2004 թվականի հունիսի 28-ին Ստամբուլում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները որոշեցին օգնել Իրաքի կառավարությանը զինվորական անձնակազմի պատրաստման հարցում։ Նույն թվականի հուլիսի 30-ին Իրաքում ստեղծվեց ՆԱՏՕ-ի ուսուցման իրականացման առաքելությունը (Training Implementation Mission): 2004 թվականի օգոստոսի 7-ից ՆԱՏՕ-ի առաքելությունը պատրաստում է իրաքցի զինվորականներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում։ Սկզբում ուսուցման իրականացման առաքելությունը ներառում էր 50 սպա: 2004 թվականի սեպտեմբերի 22-ին իր հանձնարարականների հիման վրա Հյուսիսատլանտյան խորհուրդը որոշեց ավելացնել առաքելության անձնակազմը և Իրաքում ստեղծեց զորավարժանքների, կրթական և դոկտրինային կենտրոն։ Առաքելությունում ծառայող անձնակազմի թիվը հասավ երեք հարյուր հոգու, և նրանց հանձնարարվեց զորավարժանք իրականացնել իրաքցի միջին և բարձրաստիճան զինվորականների համար: Միաժամանակ փոխվել է առաքելության անվանումը՝ ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելություն Իրաքում (NATO Training Mission – Iraq): Բովանդակային առումով ՆԱՏՕ-ի զորավարժանքային առաքելությունն Իրաքում կրում էր ոչ մարտական ​​բնույթ և ուղղված էր իրաքցի զինվորականներին վարժմանը, զինմանն ու տեխնիկական օգնություն ցուցաբերմանը։ 2004-2006 թվականների ընթացքում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում գրեթե 5000 սպա բարձրացրել է իր որակավորումը։ Առաքելության սկզբից մինչ օրս Հյուսիսատլանտյան դաշինքը Իրաքի կառավարությանը մատակարարել է ռազմատեխնիկական տարբեր միջոցներ (փամփուշտներ, զրահաբաճկոններ, ռազմական մեքենաներ, տանկեր և այլ տեխնիկա), որոնց ընդհանուր արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։