ՆԱՏՕ-ի ընդլայնումը
ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացն ուղղված է կայունության և համագործակցության խթանմանը, միասնական և ազատ հյուսիսատլանտյան տարածաշրջանի պահպանմանը, խաղաղության համար միավորմանը և ընդհանուր ժողովրդավարական արժեքների ձևավորմանը: Դաշինքի անդամ դառնալու պետության հրավերի հետ կապված բոլոր որոշումները կայացվում են Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից՝ Դաշինքի անդամների կոնսենսուսի հիման վրա։ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետությունը չի մասնակցում նման որոշումների կայացման գործընթացին։
1949 թվականից մինչ օրս ՆԱՏՕ-ի անդամ երկրների թիվը 12-ից հասել է 30-ի՝ ընդլայնման ութ փուլերով։
Ընդլայնման առաջին երեք փուլերը, որոնց ընթացքում անդամ երկրներ են դարձել Հունաստանն ու Թուրքիան (1952), Արևմտյան Գերմանիան (1955) և Իսպանիան (1982), տեղի են ունեցել Սառը պատերազմի տարիներին, երբ որոշումն ընդունվել է ռազմավարական կարևորության նախատեսմամբ։
Սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը բուռն քննարկումների առարկա է դարձել։ Շատ քաղաքական վերլուծաբաններ համոզված չէին, որ ընդլայնումը կտա ցանկալի արդյունքներ։ Ոմանք մտավախություն ունեին, թե ինչպես կազդի ընդլայնման քաղաքականությունն այլ երկրների, հատկապես Ռուսաստանի հետ Դաշինքի կապերի և համերաշխության վրա: Դա նկատի ունենալով 1995 թվականին Դաշինքը անցկացրեց ուսուցում ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ, որի հիման վրա 1997 թվականի Մադրիդի գագաթնաժողովում Դաշինքը հրավիրեց Չեխիային, Հունգարիային և Լեհաստանին, նրանք Դաշինքի անդամներ դարձան 1999 թվականին: Այս երկրները դարձան նախկին Վարշավայի պայմանագրի երկրներից ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկրները։
1999 թվականի Վաշինգտոնի գագաթնաժողովում մշակվել է Անդամակցության գործողությունների ծրագիրը (Membership Action Plan – MAP), ինչը կօգնի Դաշինքին միանալ ցանկացող երկրներին նախապատրաստվել հնարավոր անդամակցությանը։
Բուլղարիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան հրավիրվել են 2002 թվականին Դաշինքի Պրահայի գագաթնաժողովին՝ բանակցություններ սկսելու համար։ Թվարկված երկրները Դաշինքին միացել են 2004 թվականին։ Հարկ է նշել, որ բոլոր յոթ երկրներն իրականացնում էին անդամակցության գործողությունների ծրագիրը։
Ալբանիան և Խորվաթիան, որոնք 2008 թվականի ապրիլին կայացած Բուխարեստի գագաթնաժողովում հրավիրվել են ՆԱՏՕ, իսկ պաշտոնապես Դաշինքի անդամ են դարձել 2009 թվականի ապրիլի 1-ին։
2017 թվականին Մոնտենեգրոն պաշտոնապես դարձավ Դաշինքի 29-րդ անդամը։
2020 թվականին Հյուսիսային Մակեդոնիան դարձավ Դաշինքի 30-րդ անդամը՝ Աթենքի և Սկոպիեի միջև պատմական համաձայնության հասնելուց և անվան հետ կապված վեճը լուծվելուց հետո։
Այն, որ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը և ընդլայնման գործընթացը շարունակվում են, հաստատվում է այն փաստով, որ 2023-2024 թվականներին Ֆինլանդիան և Շվեդիան դարձան ՆԱՏՕ-ի անդամ։